«Գազպրոմն» ու Վրաստանը պայմանավորվել են Հայաստան գազի տարանցման վճարման վերաբերյալ
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Կախա Կալաձեն «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ:
Կողմերը աշխատել են նոր համաձայնագրի կազմման վրա, որի համաձայն՝ կողմերը պետք է անցնեին տարանցման դիմաց ֆինանսական վճարման կամ Վրաստանը պետք է ստանար տարանցվող գազի 10%-ը։
Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, թե Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ կապված Հայաստան գազամատակարարումների հետ։
«Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլի ընթացքում, հաշվի առնելով առկա հանգամանքները, մենք կարողացել ենք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը։
Կառավարությունը քննարկել է տվյալ առաջարկը և որոշել է ընդունել առաջարկությունը։
Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրից չի ավելանում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան գազի տարանցման դիմաց դրամական վճարի անցում։
Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն լինելու է ամենաբարձրը Եվրոպայի երկրների շրջանում»,- հայտարարել է Կալաձեն Վրաստանի կառավարության նիստից հետո։