
ԱՄՆ արդարադատության նախարարի թեկնածուին մեղադրում են ռասիստների հանդեպ համակրանքի մեջ

ԱՄՆ արդարադատության նախարարի թեկնածու Ջեֆ Սեշընսը Սենատի իրավական հարցերի հանձնաժողովում իր թեկնածության վերաբերյալ լսումների առաջին իսկ օրը հայտնվել է քննադատության թիրախում: Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավական հարցերի հանձնաժողովի սրահում լսումների մեկնարկին երկու ցուցարարներ բացականչություններով Սեշընսին մեղադրել են ռասիստական KKK կազմակերպության նկատմամբ համակրանք ունենալու մեջ, սակայն այնուհետև դուրս են բերվել սրահից:
Լսումների ընթացքում արդարանալով՝ Սեշընսը նշել է, որ իր ողջ կյանքի ընթացքում լիովին նվիրված է եղել ամերիկյան օրենքների առջև բոլոր քաղաքացիների հավասարության գաղափարին:
Լսումների ընթացքում մի քանի բողոքի դրսևորումներ ևս արձանագրվեցին. ընդհանուր առմամբ անվտանգության աշխատակիցները սրահից դուրս բերեցին շուրջ 10 քաղաքացիների: Բողոքողները հիմնականում աֆրոամերիկացիներ և լատինաամերիկացիներ էին: Սենշնսի թեկնածության վերաբերյալ լսումները շարունակվելու են: