«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է փրկել դիվանագիտական գործընթացը». Կայծ Մինասյան

«Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ից սպասում է մեղադրանքներ այդ ձևաչափը տապալելու նպատակով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին տարածած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ: «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ներթափանցման փորձի համար, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:

Հրադադարի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի պարտավորություններին, որոնք ուժի չկիրառման պատասխանատվություն են ստանձնել: Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ ուշադիր ուսումնասիրել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ հնարավոր ամենակարճ ժամկետներում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմը:

Նկատենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գնահատելով համանախագահների հայտարարությունը՝ նշել է. «Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»:

Կայծ Մինասյանն ասաց, որ համանախագահները սովորական հայտարարություն էին տարածել՝ մեկ բացառությամբ, որ սովորաբար նրանք հայտարարություն տարածում էին միջադեպերից, բախումներից անմիջապես հետո, ցույց տալով, որ համանախագահները նույն գծի վրա են և ճնշում են գործադրում թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների նկատմամբ։ Ըստ նրա, առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական դիվերսիոն գործողություն է նախաձեռնվում, բայց միշտ հայտարարություն չի եղել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։

«Քանի որ այսօր լարված է իրավիճակը սահմանին և շփման գծում, բանակցություններն ինչ-որ տեղ փակուղում են, թերևս, համանախագահները ցանկանում են ցույց տալ, որ անհանգստացած են իրավիճակով, և ԼՂ հարցն իրենց խիստ հսկողության և ուշադրության տակ է։

Այսինքն՝ չեն ուզում առիթ կորցնել ճնշումներ գործադրելու համար։ Բովանդակությունը հավասարակշռված է, համանախագահները գիտեն, որ ադրբեջանցիներն են հարձակվող կողմը, բոլորը դա գիտեն, այդ մասին չեն ցանկանում հայտարարել՝ դիվանագիտական նկատառումներից ելնելով։ Ցանկանում են պահպանել հավասարակշռությունը, որպեսզի փրկեն դիվանագիտական գործընթացը, որովհետև շատ հեշտ է դատապարտել Բաքվին, Բաքուն դա սպասում է, բոլոր սադրանքներից հետո ադրբեջանցիները սպասում են այնպիսի հայտարարություն, որպեսզի չեզոքացվի Մինսկի խումբը և քանդվի այն»,- ասաց Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ ինչ-որ տեղ ներկայումս ԼՂ հարցը դարձել է հարց համանախագահների և ադրբեջանցիների միջև, քանի որ համանախագահները գիտեն, որ ՀՀ-ն պատրաստ է զիջումների, թեև, ըստ նրա, դժբախտաբար հայերը շատ են խոսում զիջումների մասին։ «Սա, բնականաբար, հայաստանյան դիվանագիտության հաղթանակը չէ, որովհետև համանախագահների հայտարարություններում հայամետ ձևակերպումներ չկան։ Սա է Հայաստանի դիվանագիտության պատասխանատվությունը։ Մի կողմից՝ ասում ենք, որ պատրաստ ենք զիջումների, մյուս կողմից՝ արդյունք չունենք ոչ մի բնագավառում, ունենք ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, այլև տեղեկատվական փակուղի։

Հայկական կողմը գիտի, որ ադրբեջանցիները որևէ զիջում չեն անելու, հայերը հույս ունեն, որ միջազգային համայնքը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի նկատմամբ, այնինչ ԵԱՀԿ ՄԽ-ն իրավունք չունի որոշումներ պարտադրել, հայերը դա իմանալով՝ ի՞նչ են անում, արդյոք չպե՞տք է ավելի կոշտ լինել, չպե՞տք է շփման գծում կոշտ լինել կամ ՀՀ դիվանագիտությունը կոշտացնել։

Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է մտածի, պետք է փոխվեն որոշ շեշտադրումներ, չեն բավարարում միայն այն խոսքերը, թե միջազգային համայնքը մեզ հետ է, Հայաստանը խոսում է միջազգային համայնքի լեզվով, դա բավարար չէ, տեսնում ենք, որ դրանից որևէ արդյունք չկա»,- նման տեսակետ հայտնեց ֆրանսաբնակ Կայծ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս