«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը զարմանալի էր. հայկական կողմը պետք է աշխատանք կատարի». Սերգեյ Մինասյան

168.am-ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանը

– Պարոն Մինասյան, Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայից 12 օր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան սահմանային միջադեպին, կոչ անելով հակամարտող կողմերին՝ դադարել միմյանց մեղադրել, հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, իսկ Հայաստանին ակնարկ արվեց հանձնել բախման արդյունքում սպանված ադրբեջանցի դիվերսանտի մարմինը։ Հաշվի առնելով փորձագիտական, քաղաքական շրջանակների քննադատություններն այս հայտարարությունում կրկին տեղ գտած հավասարության նշանի, հայկական կողմին ուղղված ակնարկի ուղղությամբ՝ ինչպե՞ս կգնահատեք համանախագահների այս անդրադարձը։

– Իսկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը մի փոքր զարմանալի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածվեց դեպքից տասն օր անց, զարմանալի է, որ Մինսկի խումբը որոշեց միջադեպին անդրադառնալ այդքան ուշ։ Դուք նկատեցիք, այնտեղ կար դիտարկում՝ կապված հումանիտար խնդրի հետ ադրբեջանական դիվերսանտի դիակի հանձնման։ Ընդհանուր առմամբ, Մինսկի խմբի գործունեությունը կանգնած է մի շարք խնդիրների առջև, բայց ես չէի գնահատի, որ հայտարարությունը բացասական արձագանք էր։

Պարզապես այն ցույց տվեց, թե որքան դժվար պայմաններում է Մինսկի խումբը ստիպված գործում, որովհետև Մինսկի խմբի նպատակն է՝ փորձել բանակցային գործընթացը պահպանել մի իրավիճակում, երբ առնվազն կողմերից մեկը փորձում է յուրաքանչյուր անգամ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից և միշտ դա անում է սպառնալիքներով։

Համանախագահները շատ լավ հասկանում են, որ տեսանելի ապագայում որևէ առաջընթաց բանակցային գործընթացում չկա։ Ուստի իրենք ստիպված են անել նմանատիպ «տարօրինակ» հայտարարություններ, որի նպատակը ոչ թե կոնկրետ հարց լուծելն ու դիրքորոշում արտահայտելն է, այլ՝ ստեղծել տպավորություն, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ Մենք պետք է այս տեսանկյունից գնահատենք այս հայտարարությունը։ Դրա անհեթեթությունը ցույց է տալիս այն դժվար պայմանները, որում աշխատում են համանախագահները։

– Մինսկի խումբը, թեկուզ այս դժվար պայմաններում, կարո՞ղ է արդյոք հավասարության նշան չդնել, քանի որ Հայաստանում այս հարցը շատ է քննարկվում և քննադատությունների առարկա դառնում։

– Վտանգ կա, և Մինսկի խումբը դա շատ լավ հասկանում է, որ, եթե ավելի հստակ և ավելի կոնկրետ մեղադրանքներ լինեն ադրբեջանական կողմի հասցեին, որովհետև հասկանալի է, որ բոլոր դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը դա կարող է օգտագործել Մինսկի խմբի ձևաչափը տապալելու համար, ուստի ստիպված է այդ կեղծ դիվանագիտական ոճը պահպանել։

– Ապրիլյան պատերազմից հետո այդ կեղծ դիվանագիտական ոճն ինչի՞ կարող է հանգեցնել այն պայմաններում, երբ նույնիսկ նախարարական մակարդակով բանակցություններն արդյունավետ ընթացքով չեն շարժվում։

– Ապրիլյան իրադարձություններից որոշ ժամանակ անցավ, գուցե նման իրադարձություններ կրկնվեն մեծ կամ ավելի փոքր մասշտաբներով, դա բացառված չէ։ Ցավոք սրտի, մենք ունենք մի իրավիճակ, երբ այս ստատուս-քվոյի պայմաններն ընդհանուր առմամբ բավարարում են մեծ գերտերություններին։ Չափից ավելի բարձր ներգրավվածություն և ճնշում Ադրբեջանի նկատմամբ գերտերությունները չեն ցանկանում, նույնկերպ չեն ցանկանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Հետևաբար՝ ընտրում են այն տարբերակը, որն իրենց տեսանկյունից ավելի պակաս գլխացավանք է ստեղծում, որը, իհարկե, չի բավարարում ո՛չ հայկական, ո՛չ ղարաբաղյան կողմերին։ Ցավոք սրտի, Մինսկի խմբի ձևաչափից ավելի հաջող ձևաչափ դժվար է պատկերացնել տեսանելի ապագայում։

– Մինսկի խմբի համանախագահների՝ սպանված ադրբեջանցի դիվերսանտի վերաբերյալ ակնարկին էր արձագանքել իր անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, ըստ էության նշելով, որ ադրբեջանցի դիվերսանտի հայկական դիրքերում վնասազերծման փաստն ինքնին խոսուն է։ Ինչո՞ւ այս հարցում հավասարություն պահպանված չէ։ Սա բացթողում է, հայկական կողմը փաստորեն մեղադրվում է զինծառայողի մարմինը պահելու մեջ, բայց փաստորեն չկա իրավիճակի հակառակ կողմի մատնանշում։ Սա ինչպե՞ս պետք է հայկական կողմն ընկալի։

– Հայկական կողմն աշխատանք պետք է կատարի այս ուղղությամբ։ Ակնհայտ է, որ, երբ հայտարարությունը սկսվում է դիտարկումով, թե հայկական ու ադրբեջանական կողմերը մեղադրում են միմյանց, և հետո պահանջում վերադարձնել դիվերսանտի դին, ակնհայտ թյուրիմացություն է պարունակում կամ տրամաբանական դիսոնանս։ Տեղին է Նալբանդյանի մոտեցումը։ Բայց այդպես պատահում է, ես այդքան էլ լուրջ չէի վերաբերվի այդ հատվածին, որովհետև կրկնում եմ, որ Մինսկի խմբի գլխավոր նպատակը ոչ թե հակամարտությունը կարգավորելն է, այլ զսպումը, համանախագահ երկրների մոտեցումն է զսպում Ադրբեջանին՝ որպես քաղաքական գործոն, լայնամասշտաբ պատերազմից, հետևաբար՝ ամեն բանից զատ, պետք է դիտարկենք, որ շատ դժվար պայմաններում սա Մինսկի խմբի փորձն է՝ ստեղծել բանակցային գործընթացի իմիտացիա։

– Ձեր խոսքում նշեցիք հակամարտող երկրների հետաքրքրությունների մասին, այնուամենայնիվ այս տարի փոփոխություններ են սպասվում և տեղի ունենում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահական աշխատակազմ, համանախագահների փոփոխություն։ Հնարավո՞ր է Մինսկի խմբի գործունեության որոշ նրբերանգների փոփոխություն։

– Չեմ կարծում, որովհետև ՄԽ գործունեությունն ավելի լուրջ շրջադարձային փուլեր է հաղթահարել՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմ, ուկրաինական ճգնաժամ։ Այս ձևաչափը կպահպանվի իր ավանդական տեսքով, չնայած Ադրբեջանը և դաշնակից Թուրքիան այդ ձևաչափը ձախողել են, բայց այն կպահպանվի այնքան, որքան դա կցանկանան ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, իսկ ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում նրանց մոտեցումներում դժվար թե փոփոխություններ տեղի ունենան։

Տեսանյութեր

Լրահոս