«Ադրբեջանը միայն երկու տարբերակ ունի». Ալեքսանդր Իսկանդարյան
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2016 թվականը նշանակալի էր ղարաբաղյան հարցի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
«Ղարաբաղյան հարցն ու ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տարբեր են. Մինսկի խմբի մասով լուրջ փոփոխություններ չեն եղել, արդեն մի քանի տարի է` համանախագահները չեն զբաղվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Նրանք փորձում են ոչ թե կոնֆլիկտը կարգավորել, այլ բռնության ռիսկերը նվազեցնել։ Ապրիլյան դեպքերից հետո աշխատում են, որ այդ դեպքերի կրկնություն չլինի։ Դեռ ստացվում է. բռնության մակարդակը հիմա ավելի ցածր է, քան ապրիլից առաջ»,- ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ապրիլյան էսկալացիան չափերով ավելի մեծ էր, քան նախկինում եղածները, բայց դա ամբողջովին նոր ֆենոմեն չէր: Ըստ նրա՝ Ադրբեջանը միշտ էլ ավելացնում է ռազմական գործողությունների ինտենսիվությունը։
2016թ. վերջին հայ-ադրբեջանական սահմանում, մասնավորապես՝ Տավուշում, տեղի ունեցած դեպքերին անդրադառնալով՝ նա նշեց, որ դա բնական երևույթ էր, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտի վրա ազդելու այլ միջոցներ Ադրբեջանը չունի. «Ադրբեջանն ունի միայն երկու տարբերակ` խոսք և զենք։ Խոսքերը որևէ արժեք չեն ունենում, և բոլորի ուշադրությունը գրավելու համար նա կրակում է։ Կրակելն անհրաժեշտ է Ադրբեջանին, դրա համար էլ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Եթե Ադրբեջանում հրաման տան` չկրակել սահմանին, նրանց ոչ ոք չի հիշի»։
Խոսելով դիվերսիայի շուրջ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարության հայտարարության մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն Ադրբեջանի վրա ազդելու տարրերից են: «Դրանք պատասխան արձագանք են այն հանգամանքին, որ Ադրբեջանը չի պահում պայմանավորվածությունները: Ապրիլից հետո որոշակի փակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, իսկ ՌԴ-ն դրանում մեծ մասնակցություն էր ունեցել: Իրատեսական չէ մտածել, որ Ադրբեջանը հետամուտ է լինելու պայմանավորվածությունների պահպանմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի, և պետք չէ հույսեր կապել նրա հետ.
«Արցախը, օրինակ, ՌԴ-ի քաղաքական օրակարգի կիզակետում չէ, ավելի կարևոր հարցեր կան: Այնպես որ, ոչ մի քաղաքական կառույցի պետք չէ հավատալ»: