Բաժիններ՝

«Անցած տարվա միտումների շարունակությունն այս տարի կհանգեցնի կոլապսային վիճակի». Աշոտ Եղիազարյան

«Անցած 2016 թվականը շատ ծանր տարի էր, և դա բնական ու օրինաչափ է այն պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը։ 3 տարուց ավելի Հայաստանն իրեն իսկապես մեկուսացրել է, ինքնիշխանության զգալի մասը հանձնված է և, մասնավորապես, տնտեսական առումով Հայաստանը հնարավորություն չունի զարգացման, այլընտրանքային հնարավորությունները սահմանափակված են ԵՏՄ անդամակցությամբ։ Եվ որպես այդ մեկուսացման հետևանք՝ մենք արդեն տեսնում ենք ՀՆԱ աճի ռեսուրսների բացակայություն, օտարերկրյա ներդրումների էական կրճատում, և, ըստ էության, հեռու չէ նաև այն ժամանակը, երբ ՀՀ-ն կսպառի արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը։ Այս իրավիճակում միտումները տանում են միայն սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը։

Այս տարվա ընթացքում, ըստ նրա, այդ միտումների շարունակությունը կհանգեցնի կոլապսային վիճակի։ Ա. Եղիազարյանի կարծիքով՝ այդ դեպքում ՀՀ-ն ունի երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվել պետականության կորստին՝ իր բոլոր հետևանքներով, նաև անվտանգության ոլորտում, կա՛մ Հայաստանը պետք է հիմնովին շրջադարձ կատարի դեպի Արևմուտք, քանի որ աճի ռեսուրսներն այնտեղ են, և այդ հնարավորությունը մինչև հիմա էլ առաջարկվում է։

Անդրադառնալով այս տարի նախատեսվող ԵՄ-ի հետ կնքվելիք փաստաթղթին՝  Ա. Եղիազարյանը նշեց, որ այն շատ կարևոր է, քանի որ կսահմանի ՀՀ-ԵՄ համագործակցության իրավական բազան, որը հետագայի համար այլընտրանք է, և դա լավ ուղերձ կլինի արտաքին աշխարհին.

«Բայց շատ կասկածելի է, որ ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի կնքումը կլինի շատ սահուն, առանց որևէ խոչընդոտների, որովհետև դրա դառը փորձն ունենք, և այստեղ շատ ու շատ հարցականներ կան։ Դա, ըստ էության, նշանակում է շրջադարձ, և դա առաջին քայլն է շրջադարձի, որը կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում Հայաստանի և Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծված մյուս կառույցների հետ հարաբերություններում։

Մանավանդ, որ նկատի ունենք, որ ՌԴ-ն պարտադրում է, և Հայաստանն արդեն ստորագրել է Մաքսային օրենսգիրքը, որը լուրջ սահմանափակումներ է ստեղծում ՀՀ-ի համար։ Այդ սահմանափակումները Մոսկվայի կողմից կուժեղացվեն, և այնպես չէ, որ դրանք կմնան այսօրվա մակարդակին, քանի որ Մոսկվան ձգտում է այդ սահմանափակումների շրջանակն ընդլայնել ու խորացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս