Բաժիններ՝

Ե՞րբ կյանքի կկոչվի ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրը

Հայաստանի կառավարությունը դեռ անցած տարի հայտարարեց մի նախաձեռնության մասին, որն իսկապես լուրջ խթան կարող է դառնալ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Այդ ծրագիրն հենց այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիր»։

Դրա շուրջ խորհրդարանական լսումներն անցկացվել են դեռևս անցած տարվա մարտին։ Մինչդեռ ծրագրի հաստատման ժամկետները դեռ անորոշ են։ Ենթադրություններ կան, որ իշխանությունն այդ ծրագիրը «պահում» է ընտրություններից առաջ ժողովրդին «թարմ» մատուցելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Անգամ այդ դեպքում ծրագրի հեղինակների ջանքերն արդարացված կլինեն։ Ծրագրի յուրահատկությունն այն է, որ ընտանիքներին՝ առանց տարիքային սահմանափակման, ամսական ընդհանուր 150 հազար դրամ եկամուտ ունենալու դեպքում՝ առանց կանխավճարի տրամադրվելու է հիպոթեքային վարկ՝ Հայաստանի ամբողջ տարածքում բնակարան ձեռք բերելու նպատակով:

Ծրագրի պայմաններն այնպիսին են, որ կարիք ունեցողներն իսկապես կարող են անարգել օգտվել դրանից, լուծել իրենց բնակարանային խնդիրը, ինչը, բնականաբար, դրական կազդի մեր ծերացող պետության մեջ ծնելիության աճի և արտագաղթի կրճատման վրա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է, որ ծրագրի քննարկումները վերջնական փուլում են, ծրագիրն արդեն իսկ քննարկվել է նախագահի մոտ տեղի ունեցած ԱԱԽ նիստում, և Սերժ Սարգսյանը հանձնարարել է կառավարությանը՝ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջականության մեջ դիտարկել այն: Դրանով զբաղվելու է նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։

«Ակնհայտ է, որ ժողովրդագրական իրավիճակին առնչվող խնդիրները չեն կարող որևէ մի ոլորտի կամ մարմնի գործառույթների ներքո պարփակվել: Այստեղ պետք է ամբողջականության մեջ դիտարկել, մանավանդ՝ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ուղղությունները։ Արվելու են համապատասխան առաջարկություններ, և կառավարությունը կընդունի համապատասխան որոշումներ»,- ասել է Ա.Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս