«Այս տարեվերջին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի». լեհ փորձագետ

«Նախորդ տարին բավականին արդյունավետ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններից ակնկալիքներին 2017 թվականին։ Զաշտովտն ասաց, որ նախորդ տարին բավականին արդյունավետ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից, քանի որ 2015 թվականի վերջին վերսկսվեցին ՀՀ-ԵՄ բանակցությունները և ինտենսիվորեն շարունակվեցին 2016 թվականին։

Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, ՀՀ-ԵՄ բանակցվող փաստաթուղթը կստորագրվի այս տարեվերջին՝ հաշվի առնելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ-ում համաձայնությունների ձեռքբերման բարդ մեխանիզմը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ԵՄ շատ երկրների չի ոգևորում Վիլնյուսյան գագաթաժողովից հետո։

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի առանց խոչընդոտների, չնայած 2013 թվականին տապալվեց շատ ավելի հաջողված փաստաթուղթը՝ Ասոցացման համաձայնագիրը, որը չի կարող համեմատվել ներկայումս բանակցվող փաստաթղթի հետ, քանի որ այն ամբողջությամբ հարմարեցված է  Եվրասիական տնտեսական միությանը, որը  բացառում է առևտրատնտեսական խորը հարաբերություններ և պարտավորություններն այլ միությունների հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը կամրագրեն բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ և ցածր մակարդակի առևտրատնտեսական հարաբերություններ»,- նշեց լեհ փորձագետը։

Նրա համոզմամբ, հայկական կողմը շտապում է՝ հայտարարելով, թե համաձայնագիրը պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում։ «Սրանք, բնականաբար, ներքին օգտագործման հայտարարություններ են, որպեսզի հասարակությունն ազդակներ ստանա ընտրություններին ընդառաջ, սակայն բազմիցս ասել եմ, որ ԵՄ-ն առաջնորդվելու է նաև ընտրությունների արդյունքներով»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։

Տեսանյութեր

Լրահոս