«ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար բարդ տարի է սպասվում». Ուվե Հալբախ

«Կարծում եմ՝ բանակցություններում կպահպանվեն այն նույն խնդիրները, ինչ եղել են միշտ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարին իր բացասական հետքերն է թողնում՝ արգելակված բանակցային գործընթացի տեսքով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ ամփոփելով 2016 թվականի Հայաստանի արտաքին քաղաքական իրադարձությունները։

Ուվե Հալբախի կարծիքով՝ տարին հայ-գերմանական հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացրեց՝ հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա, Սարգսյան-Մերկել բանակցությունները, ապա՝ Բունդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը, որն ուղղված էր նաև հարավկովկասյան հակամարտությունների կայունացմանը։ Ըստ նրա՝ Գերմանիան իրեն այս տարի դրսևորեց՝ որպես հավասարակշռված ուժ, ինչն ուրախալի է, քանի որ Գերմանիան մշտապես ասոցիացվում էր որպես թրքամետ երկիր՝ հայ-գերմանական հարաբերությունների հարցում։

«Կարծում եմ՝ սրանք դրական զարգացումներ էին մեր երկրների հարաբերություններում։ Այս տարի, ցավոք սրտի, հնարավորություն չեղավ խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից ղարաբաղյան գոտում, ինչը էլ ավելի ցավալիորեն տեղի ունեցավ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում, այնինչ Գերմանիան ցանկանում էր բոլորովին այլ արդյունքի հարցում իր լուրջ դերակատարությունն ունենալ»,- ասաց Ուվե Հալբախը։

Վերջինիս համոզմամբ՝  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար բարդ տարի է սպասվում։ «Կարծում եմ՝ բանակցություններում կպահպանվեն այն նույն խնդիրները, ինչ եղել են միշտ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարին իր բացասական հետքերն է թողնում՝ արգելակված բանակցային գործընթացի տեսքով։ Վստահ եմ, որ համանախագահները կփորձեն այնուամենայնիվ համաձայնություն կորզել հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցում, քանի որ այդ աշխատանքները շարունակվում են նաև ԵԱՀԿ-ում։ Էական փոփոխություններ չեմ ակնկալում։  Եթե համանախագահներն իրենց զգոնությունը թուլացնեն, չեն բացառվում տեղային լարվածության լուրջ բռնկումներ, բայց ոչ պատերազմ Ղարաբաղում»,- ասաց Հալբախը։

Տեսանյութեր

Լրահոս