«2017-ին Թուրքիան չի աջակցի Բաքվի ավանտյուրիստական որոշումներին Ղարաբաղի վերաբերյալ». Տարասով

«2016թ. ծանր էր Ղարաբաղի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով անցնող տարին ԼՂ հակամարտության գոտու զարգացումների դիտանկյունից։

Ստանիսլավ Տարասովի պնդմամբ՝ անցնող տարին Ղարաբաղի համար ծանր էր՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, այն վնասները, կորուստները, որոնք կրեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման սցենարն անհեռանկարային զարգացում է, ինչը բոլորն են հասկանում։ Ինչ վերաբերում է խաղաղ երկխոսությանը, ապա, Տարասովի խոսքով՝ այն արգելակվեց տարբեր պատճառներով։

«Առաջինն այն էր, որ Ադրբեջանը չստորագրեց վիեննական և սանկտպետերբուրգյան համաձայնագրերը մոնիտորինգային մեխանիզմների և դիտորդների վերաբերյալ, ինչը բեկում մտցրեց այն բանակցային գործընթացում, որը ձևավորվել էր ապրիլյան պատերազմից հետո։ Նա փորձեց վերաֆորմատավորել օրակարգը, դա ևս խնդիրներ առաջացրեց։

Համբուրգյան հանդիպումը նախարարների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ցույց տվեց, որ երկու երկրների առաջնորդների բանակցությունների համար չկա հստակ ձևակերպված օրակարգ։ Մյուս պատճառն այն է, որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները փոխեցին իրենց համանախագահներին, չկա նաև մի լայն դոկտրին բանակցություններ վարելու համար։ Հունվարի 20-ից հետո, երբ ամերիկյան նոր վարչակազմը գործի կանցնի, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ-ը հստակեցնի իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և ԼՂ հակամարտության հարցում։

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԼՂ հակամարտության ուղղությամբ ամերիկյան քաղաքականության սկզբունքային փոփոխություններ սպասել պետք չէ։ Առանց որևէ կասկածի կարող ենք ասել, որ շարունակելու է իր գործունեությունը Մինսկի խմբի ձևաչափը, և փորձեր են արվելու կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները, և որպես ժամանակավոր լուծում՝ սանկտպետերբուրգյան համաձայնությունների իրականացում։

Այսինքն՝ եթե գարնանը կայանա հանդիպում Ալիևի և Սարգսյանի միջև, ապա, ամենայն հավանականությամբ, Ալիևին փաստի առջև կկանգնեցնեն պետերբուրգյան համաձայնությունների ստորագրման հարցում, այսինքն՝ իրավաբանորեն դրանք պետք է ձևակերպում ստանան, ինչպես ասաց մեր նախարար Լավրովը, որ իրավաբանորեն այդ համաձայնությունները պետք է ամրագրված լինեն։ Հակամարտության գոտի, որպես ժամանակավոր լուծում, պետք է մտնեն խաղաղապահներ կամ դիտորդներ և մոնիտորինգային համակարգեր։

Այն բանից հետո, երբ կողմերը կտան երաշխիքներ, որ ռազմական սցենարն անհնար է և սահմանափակ է, դրանից հետո կարելի է անցում կատարել արդեն ընդլայնված քննարկումների ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Դեռ ունենք հին և հնացած սցենարներ, բոլոր եղանակները, որոնք հնարավոր էր օգտագործել, օգտագործվել են, ուստի անհրաժեշտ է բարի կամքի դրսևորում, կոմպրոմիս՝ հայկական կողմից, և կոմպրոմիս՝ ադրբեջանական կողմից։ Այդ կոմպրոմիսները տարբեր են երկու կողմերի ընկալումներում, կուլիսային տորգեր են ընթանում, բայց հանրայնորեն պետք է հույսեր կապել իրականում այն իրավական փաստաթղթերի վրա, իհարկե, դրանք շատ քիչ են, բայց կան, Մադրիդյան սկզբունքները, հրադադարի պայմանագրերը, պետերբուրգյան համաձայնությունները։

Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ ստացան ապրիլյան պատերազմի նախաձեռնողները, ինչ նրանք նախաձեռնեցին, ինչ ստացան, խոսքն Ադրբեջանի մասին է, Ադրբեջանն իրեն հաղթանակած կողմ որակելով՝ չկարողացավ իր այդ հաղթանակը վերածել դիվանագիտական ձեռքբերումների, դա փաստ է։ Իհարկե, դա անհանգստություններ է առաջացնում, քանի որ ռազմական բախումների վտանգը շարունակում է պահպանվել, բայց դիվանագետներն անում են հնարավորը՝ այդ սցենարից խուսափելու համար»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։

Նրա դիտարկումների համաձայն՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հույսեր էր կապել Թուրքիայի աջակցության հետ, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին, Ադրբեջանը ցանկանում էր օգտագործել այդ լարվածությունը՝ իր գործողություններում Թուրքիայի աջակցությունը ստանալու նպատակով։

«Սակայն այսօր հակառակ իրավիճակն է ստեղծվել՝ մենք աշխատում ենք թուրքերի հետ բոլոր ուղղություններով, վերականգնելով տնտեսական հարաբերությունները, և այս իրավիճակում Թուրքիան, քիչ հավանական է, որ աջակցի Բաքվի ավանտյուրիստական որոշումներին»,- ասաց ռուս վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս