Բաժիններ՝

Սքառլեթ Յոհանսոնը հայտարարվել է 2016 թվականի համաշխարհային կինովարձույթի ամենաշահութաբեր դերասանուհին

Forbes հանդեսը Սքառլեթ Յոհանսոնին ճանաչել է «2016 թվականի համաշխարհային կինովարձույթի ամենաշահութաբեր դերասանուհին», տեղեկացնում է BBC-ն:

Վերջին 12 ամսվա ընթացքում նրա մասնակցությամբ ֆիլմերը, ներառյալ «Ամերիկայի կապիտանը. քաղաքացիական պատերազմ» կինոնկարը և Քոեն եղբայրների «Կեցցե կայսրը» ֆիլմը համաշխարհային վարձույթում միագումար հավաքել են 1,2 մլրդ դոլար:

«Մարվել» ֆիլմում Յոհանսոնի խաղընկերներ Քրիս Էվանսը եւ Ռոբերտ Դաունի կրտսերը երկրորդ տեղն են բաժանում՝ յուրաքանչյուրը 1,15 մլրդ դոլարով: Անցյալ տարի այս ցուցակը գլխավորում Էր Քրիս Փրեթը, իսկ 2014 թվականին՝ Ջենիֆեր Լոուրենսը:

Ամենամյա ցուցակը Forbes-ը կազմում է Box Office Mojo-ի վարկածով համաշխարհային կինովարձույթի դրամամուտքերի տվյալների հիման վրա: Ցուցակը կազմելիս հաշվի չեն առնվում այն անիմացիոն ֆիլմերի վարձույթի ցուցանիշները, որտեղ օգտագործվել են հայտնի դերասանների ձայները: Ամենաշահութաբեր դերասաններ կարող են դառնալ միայն ֆիլմերի գլխավոր դերերի կատարողները:

Ամենաշահութաբեր արտիստների հնգյակում տեղ են գտել նաև ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը նկարահանվել է հաջողակ, բայց քննադատների կողմից ոչնչացված «Ինքնասպանների ջոկատը» կատակերգական մարտաֆիլմում, որը վարձույթում հավաքել է 749 մլն դոլար, և Էմի Ադամսը, որը նկարահանվել է «Ժամանում» և «Բեթմենն ընդդեմ սուպերմենի» ֆիլմերում:

Բրիտանացի դերասանուհի Ֆելիսիթի Ջոնսն այս ցուցակում դեբյուտել է հիմնականում նոր «Աստղային պատերազմների» շնորհիվ, որը վարձույթ է դուրս եկել այս ամսին, բայց մինչ այդ նկարահանվել էր «Հրեշի ձայնը» ֆանտաստիկ ֆիլմում և «Ինֆեռնո» դետեկտիվ-թրիլերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս