Սոցփաթեթների շահառուների հանգիստը կազմակերպելու խոստումով գումար է հափշտակվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվել են սոցիալական փաթեթների շրջանակներում կատարվող գործարքներում տարբեր անձանցից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական քննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցում ներկայանալով որպես «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի աշխատակից, սոցիալական փաթեթների մի շարք շահառուների խոստացել է նրանց հանգիստը կազմակերպել Հայաստանում և Վրաստանում։ Կնքվել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրեր, իսկ գումարի մի մասն էլ վերցվել է կանխիկ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չնայած կնքված պայմանագրերին՝ մի շարք քաղաքացիների հանգիստը չի կազմակերպվել և ոչ էլ գումարն է վերադարձվել։

Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Հ.Նիկոյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը բացահայտելու, տուժողների իրական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս