«Էրդողանի ընտրազանգվածը ծայրահեղականներն են». Ռուբեն Մելքոնյան
Այսօր տեղի ունեցած «Թուրքիայի ներքաղաքական զարգացումները և ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա» թեմայով քննարկման ընթացքում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ 2017թ. Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխություններով՝ Թուրքիան խորհրդարանական պետությունից պետք է վերածվի նախագահականի, ընդ որում՝ բավականին ուժեղ նախագահական լիազորություններով.
«Վերանալու է վարչապետի ինստիտուտը, և նախագահը միևնույն ժամանակ լինելու է երկրի կառավարության ղեկավարը: Բացի այդ, Թուրքիայում կար սահմանափակում, որ, եթե որևէ անձ ընտրվում է նախագահ, հրաժարվում է կուսակցական պատկանելությունից, բայց այս Սահմանադրությամբ այդ դրույթը նույնպես հանվում է, և ապագա նախագահը կարող է միաժամանակ լինել նախագահ, վարչապետ, իշխող կուսակցության լիդեր:
Պարզ է, որ այս ամենն անձնավորված է Էրդողանի կերպարի շուրջ, և Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները միտված են այս խնդիրն ապահովելուն: Դրանով կարող ենք բացատրել Դավութօղլուի հեռացումը քաղաքական ասպարեզից, և ավելի նվազ քաղաքական կշիռ ունեցող նոր վարչապետի՝ Բինալի Յըլդըրըմի պաշտոնակալությունը»:
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայում հասարակական-քաղաքական դաշտը գնալով ագրեսիվանում է, ինչն իր հետ բերում է նաև ազգայնամոլական տրամադրությունների, իսլամի ծայրահեղական դրսևորումների աճին, ծայրահեղական տրամադրություններ ունեցող կրոնամոլների ազդեցությանը: «Էրդողանի քաղաքական հենարանը հասարակության մեջ հիմնականում կրոնամոլ տրամադրություններ ունեցողներն են: Հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ Թուրքիայում նախատեսվում էր հեղաշրջում իրականացնել, Էրդողանի կոչով փողոց դուրս եկան տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, որոնց հագուստներից ու կերպարից անգամ հստակ էր, որ պատկանում են ծայրահեղական կրոնական հայացքներ ունեցող շրջանակների: Հենց նրանք էին, որ սատարեցին Էրդողանին»:
Նա նաև նշեց, որ սկսած 2000-ականներից՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, որոշակի սերնդափոխություն էր իրականացնում ուժային կառույցներում. «Թուրքական ոստիկանությունը, բանակը, հատուկ ծառայությունները լցվում էին ծայրահեղական տրամադրություններ ունեցող երիտասարդներով: Ռազմական, ոստիկանական ուսումնարաններում ավելի էր ուժեղանում կրոնական քարոզը, և Էրդողանը փորձում էր դրանով ստեղծել նաև իր քաղաքական պլատֆորմն այդ ուժային կառույցներում»:
Ինչ վերաբերում է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը, ապա Ռ. Մելքոնյանի կարծիքով՝ թուրքական պետությունն ու իշխող կուսակցությունն ունեն հստակ պատասխանատվություն այն հարցում, որ թուրքական ուժային կառույցներ են ներթափանցել այնպիսի անձինք, որոնք ունեն նման տրամադրություններ, կարող են իրականացնել դեսպանի սպանություն՝ բղավելով՝ «Ալլահ ու աքբար», և նրանք, ըստ թուրքագետի՝ եզակի չեն, այդ ուժային կառույցներում մեծ թիվ են կազմում:
«Հենց իշխող կուսակցության կազմակերպած սերնդափոխության պատճառով են թուրքական ուժային կառույցները լցվել նմանատիպ տրամադրություններ ունեցող մարդկանցով: Իհարկե, հիմա կարող ենք քննարկել, որ ռուս դեսպանի սպանությունն ամենևին էլ ձեռնտու չէր թուրքական իշխանություններին, բայց երբեմն այդ կառույցներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք դուրս են նրանց վերահսկողությունից»:
Իսկ Հայաստանին այս պահին անհանգստացնող միակ խնդիրը, ըստ թուրքագետի՝ ռուսական կողմից հնչած այն հայտարարությունն էր, որ չի բացառվում՝ Թուրքիան ազդեցություն ունենա ղարաբաղյան կոնֆլիկտի վրա. «Բայց ես կարծում եմ, որ խաղի կանոններն այնպիսին են, որ ռուս-թուրքական համագործակցությունը կոնկրետ Հարավային Կովկասի պարագայում չի ունենալու կատեգորիկ, ագրեսիվ բնույթ, այլ ավելի շատ տեղավորվելու է փոխշահավետ համագործակցության և որոշակի փոխզիջումների դաշտում: Բայց այդ փոխզիջումները չեն կարող վտանգ ներկայացնել հայկական շահերի ու ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում»: