Ամանորից մեքենա ներկրելը կբարդանա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է:
Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաև ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաև մեզ: Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին:
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ և կողային ուժեղ հարվածների, ինչպես նաև անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով: Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը և առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաև դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։