«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Հայաստանի ներկայացուցիչը». Կարավաև
Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը RIA Novosti-ի հետ զրույցում ենթադրություն է հայտնել, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Հայաստանի ներկայացուցիչը։
«Կարող եմ ենթադրել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի թեկնածության հարցը կարող է դրական լուծվել Երևանի համար, եթե նման բարձր մակարդակի հանդիպումներում որոշվի, որ Հայաստանը ՀԱՊԿ հարթակը չի օգտագործի հօգուտ Ղարաբաղյան հարցի դիրքորոշման օգտին։ Եթե դա ոչ պաշտոնապես ֆիքսվել է, ապա Հայաստանի ներկայացուցչին կարող է հնարավորություն տրվել զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- հայտարարել է Կարավաևը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի թեկնածության հաստատումը բախվում է մի շարք քաղաքական բնույթի խնդիրների, քանի որ, ըստ նրա, վերջինս կփորձի ՀԱՊԿ-ի աշխատանքում կենտրոնանալ Ղարաբաղյալ խնդրի վրա։ «Նման վտանգ կա։ Եվ այն մշտապես եղել է, երբ տեղի են ունեցել հանդիպումներ գլխավոր շտաբների մակարդակով, ՀԱՊԿ դիվանագիտական գերատեսչությունների մակարդակով»,- ասել է նա։
Միաժամանակ, Կարավաևն ընդգծել է, որ ներկայումս ՀԱՊԿ-ն միավորող օրակարգը կենտրոնանում է Աֆղանստանի, Պակիստանի և Միջին Ասիայի սահմանային խնդիրների վրա։
Այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվում է ՀԱՊԿ գագաթաժողովը։ Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դիտարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի մի քանի թեկնածություն, բայց առայժմ որոշում չի ընդունվել։
2003-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլայ Բորդյուժան։ 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովում որոշվել էր երկարաձգել նրա լիազորությունների ժամկետը մինչև 2017թ. հունվարի 1-ը։