Բաժիններ՝

Բժիշկ Լիզան մարդկային կյանքեր է փրկել Լեռնային Ղարաբաղում

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում էր նաև բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան։ Նա առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով։

Բժիշկ Գլինկան երկար տարիներ զբաղվել է անօթևաններին, փախստականներին, պատերազմներից, հակամարտություններից տուժածներին օգնություն ցուցաբերելով։

Նրա «Արդար օգնություն» հիմնադրամը հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեությամբ, հայտնում է Rusarminfo-ն։

1990-ականների սկզբին բժիշկ Լիզան օգնել է Մոսկվա տեղափոխել պատերազմի դաշտում ծանր վիրավորված զինծառայողներին, որոնք շտապ վիրահատության կարիք էին զգում։ Նրա գործունեության շնորհիվ հաջողվել փրկել շատերի կյանքը։

Պատերազմից հետո նա շարունակել է ակտիվորեն աջակցել Արցախին՝ ուղարկելով մարդասիրական օգնություն։

Ելիզավետա Գլինկան Արցախ է այցելել նաև 2009թ., որտեղ նպաստել է արցախցի փոքրիկների սրտի վիրահատությունների իրականացմանը։

Նա կազմակերպել էր մարդասիրական օգնության տրամադրում բժշկական գործիքների ու վիրակապային նյութերի տեսքով նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Նրա անունը կապված է նաև Դոնբասում 2015թ. պայթյունի հետևանքով վիրավորված 10-ամյա Սերյոժա Ապրեսյանի փրկության հետ, որը կորցրել էր տեսողությունը։ Բժիշկ Լիզայի ջանքերի շնորհիվ Սերյոժան տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ հաջողվել էր փրկել տղայի կյանքը։

Եվս մեկ հայ տղայի նա կարողացավ փրկել 2007թ.։ 10-ամյա Ցոլակ Մնացականյանին, որը գլխուղեղի ուռուցք ուներ, չէին ընդունում Մոսկվայի առաջին հոսպիս (կլինիկա անբուժելի հիվանդների համար)։ Այդ ժամանակ գործին միջամտեց Ելիզավետա Գլինկան՝ ապահովելով տղային անհրաժեշտ բժշկական օգնությամբ։

Շուտով տղան դուրս եկավ կոմայից, իսկ 1 տարի անց ամբողջությամբ հաղթահարեց հիվանդությունը։

«Արդար օգնություն» հիմնադրամի կայքում նշվում է, որ Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:

Օրեր առաջ 54-ամյա բարեգործն իր գործունեության համար ՌԴ պետական պարգևի էր արժանացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս