Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները լակմուսի թուղթ կդառնան ԵՄ-ի համար. եվրոպացի փորձագետ
«Ամեն դեպքում՝ ԵՄ-ն կստորագրի բանակցվող նոր համաձայնագիրը Հայաստանի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալան՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին։
Լինաս Կոժալան բավականին արդյունավետ որակեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում կավարտվեն բանակցությունները։ «Բնականաբար, հաջողություն է, երբ կողմերն արդեն խոսում են բանակցություններն ավարտին հասցնելու մասին, քանի որ դրանք մեկնարկել էին մեկ տարի առաջ, ու, ըստ էության, կավարտվեն մի քանի ամսից։ Սա նշանակում է, որ գլխավոր հարցերի շուրջ համաձայնությունն արդեն կա»,- նկատեց Կոժալան։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ու Եվրոպական միությունը կազմում են մի փաստաթուղթ, որը մեկ աստիճանով ցածր է լինելու Ասոցացման համաձայնագրերից, որոնք ԵՄ-ն կնքել է Մոլդավայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ։
«Իմ համոզմամբ՝ Հայաստանը ստանձնում է քաղաքական նույն պարտավորությունները, ինչ մնացած երեք ասոցիացված երկրները, բացառությամբ ասոցիացման առևտրի ոլորտում, որովհետև այդ ոլորտում Հայաստանն ասոցիացվել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Սա այն մոդելի արտացոլումն է, որն առաջարկում էր ԵՄ ղեկավարությունն ուկրաինական ճգնաժամից հետո, այսինքն՝ Արևելյան գործընկերության երկրները ԵՄ-ի հետ կկառուցեն այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք կարող են և ցանկանում են։ Դա է ներկայումս անում Հայաստանը։ Թե որքանով էր ճիշտ ԵՄ-ի այս որոշումը, ցույց կտա ժամանակը»,- ասաց եվրոպացի փորձագետը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն բանակցվող համաձայնագիրը։ «Սակայն դժվար է ասել, որ դա տեղի կունենա շուտով կամ մինչ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ այդ ընտրությունները լակմուսի թուղթ կդառնան ԵՄ-ի համար Հայաստանի ստանձնած քաղաքական պարտավորությունների մասով։ Չնայած Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, Հայաստանը բանակցվող փաստաթղթով ստանձնում է քաղաքական պարտավորություններ բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են ընտրությունների անցկացմանը ևս։
Եթե Հայաստանը խախտի իր պարտավորությունները, ԵՄ-ն անպայմանորեն դրան կանդրադառնա, կարձագանքի, քանի որ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով»,- ասաց վիլնյուսցի փորձագետը։
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ԵՄ-ն, եթե Հայաստանում ընտրախախտումներ գրանցվեն, Կոժալան պատասխանեց, որ ԵՄ-ի գործիքակազմը բավականին լայն է։ «ԵՄ-ն կարող է խախտել իր պարտավորությունները համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, կամ կարող է ֆինանսավորում կրճատել ինչ-ինչ ոլորտներում։ Բազմազան են մեթոդները։ Կարծում եմ՝ ԵՄ-ն ամեն դեպքում կստորագրի բանակցվող համաձայնագիրը Հայաստանի հետ»,- ասաց նա։ Վերջինս նաև չի կարծում, որ հայկական կողմից խոչընդոտներ կլինեն համաձայնագիրը ստորագրելու հարցում, քանի որ համաձայնագիրն ամբողջությամբ հարմարեցված է ՀՀ ԵՏՄ անդամակցության փաստաթղթին։