Սոչիից Մոսկվա է ժամանել առաջին ինքնաթիռը՝ ավիաաղետի զոհերի մարմիններով
Սոչիից Մոսկվայի Չկալովսկի օդանավակայան է ժամանել առաջին ինքնաթիռը՝ Տու-154-ի ավիաաղետի զոհերի մարմիններով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազամափոխադրական ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը ավիաաղետի վայրում հայտնաբերված 10 մարմիններով եւ 86 մարմնամասերով մեկնել է Մոսկվա, որտեղ կատարվելու է դրանց ճանաչում եւ գենետիկական փորձաքննություն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ջրից դուրս են բերվել զոհվածների 11 մարմիններ: Ավիաաղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են շուրջօրյա:
Մոսկվայից Սիրիա ուղեւորված ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան կործանվել է Ադլերի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպես անց, որտեղ այն լրալիցքավորվել էր: Զոհվել է 92 մարդ: Օդանավում եղել են զինծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան անսամբլի 60-ից ավելի մասնակիցներ, ներառյալ անսամբլի ղեկավար Վալերի Խալիլովը: Նրանք ուղեւորվում էին «Հմեյմիմ» ավիաբազա՝ շնորհավորելու Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի զինծառայողներին գալիք տոների առթիվ:
ՌԴ նախագահի հրամանագրով ստեղծվել է ավիաաղետի հետաքննության կառավարական հանձնաժողով, որը գլխավորել է տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: