Սպանություն Երևանում. հայտնաբերվել է ատրճանակը

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:

Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4.0 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ։ Գործով մեղադրյալ 27-ամյա Բաղդասարյանը նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակի գտնվելու վայրը և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որի միջոցով արձակված կրակոցների հետևանքով 56-ամյա տղամարդը մահացել էր։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս