Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հայ, ԻԻՀ քաղաքացու սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1995թ. տեղի ունեցած սպանության և ավազակային հարձակման համար. ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով ավելի քան 21 տարի հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

1995 թ. հունվարի 28-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս փ. 25/2 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր նույն տան բնակիչ, ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ հայ Հայկ Աբրահամյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով։ Դեպքի առթիվ նույն օրը դեռևս Արաբկիրի շրջանային դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին և 7-րդ և 88-րդ հոդվածի 2-րդ մասով։

Կատարված քննությամբ պարզվել էր սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Քննության տվյալներով՝ տեղեկանալով, որ Հ.Աբրահամյանը, Իրանից Երևան գալով, խոշոր չափերի գումար է բերել, մի քանի ընկեր համաձայնություն են ձեռք բերել՝ նրան սպանելու և գույքին տիրանալու վերաբերյալ։

Քննությամբ պարզվել է սպանության եղանակը. նախ թունավորված գարեջուր են հյուրասիրել, ապա՝ խեղդամահ արել, իսկ սպանությունից հետո հափշտակել տարաբնույթ իրեր ու դիմել փախուստի։

Նախաքննությամբ հստակեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, որոնցից 3-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և քրեական գործերն ուղարկվել դատարան։ Եվս երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որոնց հայտնաբերելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

ՀՀ քրեական օրենսգրքի նոր ընդունումից հետո վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Պետրոսյանին և Գ.Սաֆարյանին դեռևս 1995 թվականի փետրվարի 7-ին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները փոփոխելու և 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ավելի քան 21 տարի հետախուզման մեջ գտնվող Գ.Սաֆարյանը հայտնաբերվել է և 2016թ. դեկտեմբերի 23-ին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու և վարույթ ընդունելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Գ.Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս