Բաժիններ՝

«2017 թ. վերականգնողական տարի է լինելու». Վարդան Արամյան

«Խաղաղության, ձեռքբերումների տարի լինի մեր ընտանիքներում, և ոչ մի փամփուշտ ոչ մի զինվորի չկպնի»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսն այս խոսքերով սկսեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա` 2016 թ. արդյունքներով իրական ՀՆԱ-ն կկազմի 0.5%` նախատեսված 2.2% աճի փոխարեն.

«ՀՆԱ միջավայրը բավականին համեստ է այս տարի, մենք ավելի ցածր գնային միջակայքում կամփոփենք: Ճյուղային զարգացումները համապատասխանում են ակնկալիքներին, բացի գյուղատնտեսությունից, որ դրական աճ էինք նախատեսում, բայց վերջին զարգացումների հետևանքով կունենանք բացասական աճի տեմպ: Այստեղ կարևորն այն է, որ դա ոչ թե դա կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվառման խնդիր է եղել»:

Ըստ նախարարի` այս տարվա օգոստոսի ցուցանիշն անցած տարվա օգոստոսի նկատմամբ եղել է 9.6%, սեպտեմբերը՝ սեպտեմբերի համեմատ` 20% անկում է եղել, հոկտեմբերը՝ հոկտեմբերին` 30% անկում, բայց եթե սա հաշվառման խնդիր չլիներ, այլ տնտեսական գործոնով պայմանավորված լիներ, պետք է ականատես լինեինք գների բարձրացման:

Մինչդեռ, նշեց Վ.Արամյանը, գնային բարձր ֆոն չի եղել, և սա հիմք է տալիս փաստելու, որ զուտ հաշվառման խնդիր է:

«Երկու տարի մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններ տնտեսության վրա: Այս տարին ցնցումների վերջնակետն է: 2017 թ. վերականգնողական տարի է լինելու, իրական աճը սպասվում է 3.2%»,- ասաց Վ.Արամյանը` հավելելով, որ տրանսֆերտների անկումն ազդել է մեր բնակչության գնողունակության և սպառման վրա, առևտրի աճի տեմպը միշտ եղել է բացասական:

Սակայն, ըստ նրա, արդեն երևում է շրջման կետը` սկսել են աճել թե՛ սպառումը, թե՛ ներմուծումը, որը միշտ անկում էր նախկինում, հիմա 2% աճ է եղել: Հաջորդ տարվա վրա դրական ազդեցություն կունենան նաև պղնձի գները, որ հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի:

«Սրանք դրական միտումներ են, կարծում եմ, որ 2017 թ. այս դրական միտումներով մուտք կգործենք»,- նշեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս