Փոխգնդապետը՝ ամբաստանյալի աթոռին. հրամանատարի սպառազինության գծով տեղակալը մեղադրվում է ապրիլին դիզվառելիք գողանալու մեջ
Դատարան է ուղարկվել երկու զինվորականների վերաբերյալ քրեական գործը։
ՊՆ N զորամասի մեխանիկ-վարորդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող, նույն զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, տեխնիկական մասի պետ, փոխգնդապետ Կ. Անդրեասյանի ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, վերջինիս կազմակերպմամբ, 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին ավտոհավաքակայանում կայանված ինժեներական տեխնիկայի բաքի կապարակնիքը պոկել և այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 440 լիտր դիզելային վառելիք, որը լցնելով 20 լիտր տարողությամբ տարաների մեջ՝ դուրս է բերել զորամասից` ՀՀ ՊՆ-ին պատճառելով զգալի չափերի` 143.616 դրամի նյութական վնաս:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, տեխնիկական մասի պետ, կոչումով փոխգնդապետ Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, նախապատրաստելով և հոգալով հանցագործությունը պարտակելու հետ կապված հարցերը, կազմակերպել և ղեկավարել է 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին նույն զորամասի պայմանագրային զինծառայողի կողմից զորամասի ավտոհավաքակայանում կայանված ինժեներական տեխնիկայից` բաքի կապարակնիքը պոկելու և բացելու եղանակով զգալի չափերով` ընդհանուր 440 լիտր, դիզելային վառելիքի գաղտնի հափշտակություն` ՀՀ ՊՆ-ին պատճառելով 143.616 դրամի նյութական վնաս, որից հետո գողոնի մի մասը դուրս է բերվել զորամասի տարածքից:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։