
Լեզվի պետական տեսչությանն անհանգստացնում է սերիալների լեզուն

Լեզվի պետական տեսչությանն անհանգստացնում է սերիալների լեզուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ ընթացիկ տարում դիտարկել են Հայաստանի տարածքում հեռարձակող 5 հեռուստաընկերության եթերային խոսքը:
«Չգիտես ինչու, մեր ռեժիսորները թեմայի, մտահղացումների բացահայտումը պայմանավորում են փողոցային լեզվի օգտագործմամբ: Այնինչ, դա պետք է անել ռեժիսորական հնարամիտ լուծումներով: Այդ ստեղծագործություններում հնչում են «գնաց կաշը», «իսծերիկա» և նման այլ բազմաթիվ արտահայտություններ ու բառեր: Ես չգիտեմ՝ այս սերիալների համար սցենարներ գրո՞ւմ են, թե ոչ: Տպավորություն ունեմ, որ այդ ամեն ինչը ծնունդ է առնում ոտքի վրա: Չեմ կարծում, որ մեր դերասաններն այդքան անգրագետ են, որ ապավինեն միայն խոսակցական բառապաշարին: Եթե մեր հույսը մնացել է լեզուն աղավաղելով հանդիսատես գրավելը, ապա, կարծում եմ, այստեղ լուրջ համազգային խնդիր ունենք: Էլ չեմ խոսում սերիալներում տեղ գտած գոռգոռոցների մասին, որոնք ավելի շատ վանում են»,-ասաց Սերգո Երիցյանը:
Լեզվի տեսչության պետի խոսքով՝ օրենսդրական բաց կա, օրենսդրորեն լեզվական խախտումները սահմանված են, սակայն պատասխանատվության ենթարկելու մասը բաց է մնացել: Տուգանքի, զգուշացման հետ կապված որևէ օրենսդրական նորմ գոյություն չունի: Հետևաբար, տեսչությանը մնում է միայն հորդորակներ ուղարկել հեռուստաընկերություններին՝ այս կամ այն շեղումը շտկելու համար: