
«Թուրք ժողովուրդը շատ բան է կորցրել Լոզանի խաղաղության պայմանագրից հետո». Էրդողան

Թուրքիան չի կարող չարձագանքել ուժերի գործողություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի համար։ Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարանում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանը նշել է, որ եթե Թուրքիան անմասն մնա աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևավորման փորձերից, ապա կբախվի Սևրի խաղաղ դաշնագրի պայմաններին։
«Թուրք ժողովուրդը առանց այդ էլ շատ բան է կորցրել Լոզանի խաղաղության պայմանագրից հետո։ Թուրքիան բացահայտ խոսում է այն մասին, որ ամենամեծ պայքարն է մղում անկախության համար մղվող պատերազմից ի վեր։ Այդ պայքարը շարունակվում է
«Մեկ ժողովուրդ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ երկիր» կարգախոսի ներքո»,- ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ այսօր Թուրքիան դեմ առ դեմ կանգնած է անհամաչափ հարձակումների դիմաց, և այդ համատեքստում ահաբեկչական կազմակերպությունները ընդամենը խաղաքարեր են։
«Իրականում մենք պայքար ենք մղում այն ուժերի դեմ, որոնք կանգնած են դրանց հետևում։ Թուրքիայի թշնամիները հարվածներ են հասցնում առավել խոցելի հատվածներին»,- ասել է Էրդողանը։