
Կարմիր խաչը հայտարարել է Հալեպից զինյալների տարհանման ավարտի մասին. Reuters

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածից և Իդլիբ նահանգում գտնվող շիական Էլ-Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից մարդկանց տարհանման մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Արմսթրոնգը։
«Բոլոր խաղաղ բնակիչները, որոնք ցանկություն են հայտնել տարհանվել, ինչպես նաև վիրավորներն ու ռազմական գործողությունների մասնակիցները տարհանվել են»,- Reuters-ը մեջբերել է նրա խոսքերը։
Արևելյան Հալեպից զինյալներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև շիական բնակավայրերի բնակիչներին ու աշխարհազորայիններին տարհանելու գործընթացը շարունակվում էր մոտ 1 շաբաթ։
15 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը՝ զինյալների ու նրանց ընտանիքների հետ, լքել է Հալեպը երեկ երեկոյան։