Ռուսաստանն ու Թուրքիան գործարք են նախապատրաստում՝ վերլուծաբաններ

Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.

«Եթե նա կարողանա համոզել Էրդողանին դադարեցնել պայքարն Ասադի դեմ, դադարեցնել աջակցությունը Ասադին ընդդիմացող խմբերին, դա կլինի Կրեմլի շոշափելի ձեռքբերումը»:

Հերբսթի կարծիքով, Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների պատճառներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգներն այդ տարածքում արդյունավետ պայքարում են իսլամական ահաբեկիչների դեմ՝ թուլացնելով դրանց: Սակայն, Մոսկվայի եւ Անկարայի գործարքի կենտրոնում ոչ թե Դաեշի ահաբեկիչներն են, այլ՝ Ասադը եւ Սիրիայի քրդերը: Այսպես, Ռուսաստանը հետաքրքրված է Ասադին Սիրիայի իշխանության ղեկին պահելու մեջ, մինչդեռ Թուրքիան փորձում է թույլ չտալ ԱՄՆ-ի դաշնակիցը հանդիսացող Սիրիայի քրդերին սեփական պետություն հիմնադրել.

«Հնարավոր է, մենք ականատեսն ենք մի գործարքի, որով Թուրքիան կդադարեցնի Սիրիական ընդդիմությանն աջակցել, իսկ Մոսկվան կհամաձայնի օգնել Թուրքիային սիրիական քրդերի հարցում»:

Միացյալ Նահանգները նման գործարքին դժվար թե հարատեւ մասնակցի, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ վերլուծաբան Մեթյու Բրայզան.

«Մի քանի ամիս կամ մեկ տարի անց Միացյալ Նահանգները կբացահայտի, որ Մոսկվան իրեն խաբում է, Դոնալդ Թրամփը կզայրանա, որից հետո մենք ականատեսը կլինենք շատ ավելի ակտիվ գործողություններ Վաշինգտոնի կողմից՝ ուղղված իսլամական ծայրահեղականների եւ ահաբեկիչների դեմ»:

Այնուամենայնիվ, Բրայզան նշում է, որ Մոսկյվայի կողմից Հալեպում իրականացրած գործողությունը վկայում է, որ որոշ դեպքերում ռազմական լուծումները հնարավոր են:

Տեսանյութեր

Լրահոս