
Շաքարավազի օրական չափաբաժինը պետք է կազմի 11 գդալ

Սննդամթերքը պետք է լինի բազմազան` բաղկացած մեծ մասամբ բանջարեղենից: Լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով` պետք է ոչ միայն հետեւել սննդամթերքի որակին, այլեւ ընդունման չափաբաժնին` ուտել քիչ եւ հաճախ: «Սննդամթերքի անվտանգ լինելը դեռեւս չի խոսում առողջ սնվելու մասին: Առողջ սնվելու համար պետք է կանոնակարգել աղի եւ շաքարի ընդունումը»,-ասաց Աբովյանը:
Նա խորհուրդ տվեց օրական սննդամթերքի չափաբաժնում ներառել ոչ ավելի, քան 5 գրամ աղ: Շաքարավազն էլ չպետք է գերազանցի 11 գդալը: «Մեկ բաժակ Կոկա-կոլայի մեջ արդեն իսկ տասը գդալ շաքարավազ է պարունակվում, այսինքն՝ մեկ բաժակ կոլայով մենք արդեն օրվա շաքարի մեր չափաբաժինը սպառում ենք»,- ասաց նա:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետը խորհուրդ տվեց միս-մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տալ թռչնամսին եւ ձկնամսին: Մսամթերքի մեջ առկա երկաթն ավելի լավ է յուրացվում, եթե միսը համադրում ենք բանջարեղենի հետ: «Այն սնունդը, որը մեր տնային տնտեսուհիները տաքացնում են երկրորդ անգամ, կորցնում է սննդային արժեքը»,-հավելեց Ռոմելլա Աբովյանը: