«Ճիշտ կլինի ասել, որ նախարարին սխալ է տեղեկացվել, և համապատասխան շտկում մտցնել». Կարինե Թուխիկյանը՝ ԱՆ աշխատակցին

«Հարգելի Առողջապահության նախարարության (ԱՆ) համապատասխան կառույցների ղեկավարներին հրավիրում ենք բանակցել կլոր սեղանի շուրջ կամ էլ հանդիպել մամուլի որևէ ակումբներից մեկում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանը։

Հիշեցնենք, որ Կ. Թուխիկյանի ղեկավարած կառույցը քանիցս ահազանգել է, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր «որակյալ» դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը` պատճառաբանելով, որ այն «թանկ է»։

Խնդրի շուրջ 168.amզրուցել էր Առողջապահության նախարարի՝ մամուլի հարցերով օգնական Սաթենիկ Մկրտչյանի հետ, որը մեզ հավաստիացրել էր, որ այժմ քննարկումներ են ընթանում նախարարությունում մի շարք մասնագետների մասնակցությամբ, որպեսզի հասկանան այդ դեղի շարունակելու անհրաժեշտությունը, գնային քաղաքականությունը։

«Այդ դեղը բավականին թանկ է, ու շատ քիչ քանակությամբ մարդիկ են այդ դեղն օգտագործում, այնպես չէ, որ Հայաստանի բոլոր հիվանդներն այդ դեղն են օգտագործում»,- ասել էր նախարարի օգնականը։

Նշենք, որ Կ. Թուխիկյանը բազմիցս նշել է, որ իրենց շահառուների թիվը 300-ից ավելի է։ Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱՆ աշխատակցի խոսքերին՝ ասաց.

«300-հիվանդները, ըստ Ձեզ՝ մի քանի՞ հոգի են… Դուք կպատասխանե՞ք մեր շահառուներին և նրանց հարազատներին։ Հարգելի Սաթենիկ, իսկ Դուք ունե՞ք վիճակագրություն այն մասին, թե քանի՞  հոգեկան խնդիրներ ունեցողներ են  օգտագործում այդ որակյալ, արդյունավետ դեղը: Քի՞չ է 300-հիվանդների ու իրենց հարազատների, հարևանների ու բարեկամների խաղաղ անդորրը, նրանց ինտեգրված լինելը մեր հասարակությանը»:

Դեղի գնի հետ կապված՝ ԱՆ աշխատակցի հետ զրույցում նշել էինք, որ ըստ շահառուների և «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ այդ դեղն այնքան թանկ չէ, որքան ներկայացնում է նախարարությունը, ավելի «էժան» է։  Ի պատասխան՝  Ս. Մկրտչյանն ասել էր. «Այնքան է, որքան ֆիքսված գներ գոյություն ունեն դեղատներում, այնքան է, որքան ներկայացվում է»։

Կ. Թուխիկյանի համար անհասկանալի է Ս. Մկրտչյանի այդ պատասխանը.

«Ի՞նչ է նշանակում՝ «այնքան է, որքան ֆիքսված գներ գոյություն ունեն դեղատներում, այնքան է, որքան ներկայացվում է»: Կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ  նախարարին սխալ է տեղեկացվել, և համապատասխան շտկում մտցնել։ Ասում եք՝ «որևէ հատուկ ներգործություն չունի դեղը». միգուցե պարզաբանե՞ք Ձեր այս միտքը: Ըստ իս՝ ոչ բժշկիս, դեղը կամ կատարում է իր դերը մարդու առողջության բարելավման մեջ, կամ էլ ոչ: Ըստ մեր շահառուների՝ 1-ին տարբերակն  առողջության վերականգնման վառ ապացույցն է և նրանց կյանքի ուղեկիցը, այդ դեղն է օգնում նրանց ապրել լիարժեք, աշխատել, ստեղծագործել»:

Մենք ԱՆ-ի աշխատակցից նաև հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ որպես շահագրգիռ կողմ՝ նրանց չեն տեղեկացնում ուսումնասիրությունների ընթացքի մասին, իսկ Ս. Մկրտչյանը պատասխանել էր, որ իրենք պարբերաբար տեղեկացնում են այդ մասին. «Իրենք նույնիսկ եկել են նախարարություն, հանդիպում են ունեցել մեր աշխատակազմի ղեկավարի հետ»։

Ըստ Կ. Թուխիկյանի՝ Ս. Մկրտչյանը, ըստ երևույթին, լիարժեք ինֆորմացիա չունի, թե ԱՆ-ից ով է իրենց հետ վերջին անգամ հանդիպել։ Թուխիկյանի խոսքով՝ իրենք վերջին անգամ՝ նոյեմբերի 30-ին հանդիպել են Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, իսկ աշխատակազմի ղեկավարի հետ նոյեմբերի 7-ին էին հանդիպել.

«Դուք՝ որպես նախարարի մամուլի հարցերով օգնական, պետք է, որ տեղեկացված լինեիք: Ցավում ենք, որ ԱՆ-ը իր հիմնական աշխատանքի փոխարեն՝ կա՛մ արտասահմանյան երկրների պրակտիկայի օրինակներն է ներկայացնում հանրությանը, կա՛մ էլ մամուլի հարցերով օգնականի վրա է դրել հոգեկան խնդիրներ ունեցողների կյանքին վտանգ սպառնացող գերկարևոր հարցը»:

Ս. Մկրտչյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, նախարարը և նախարարության աշխատակազմը լիարժեքորեն տիրապետում են ինֆորմացիային։ Նա ասաց, որ այս պահին նախարարությունում տեղի են ունենում ուսումնասիրություններ, բայց մինչև փետրվարի 20-ը հիվանդները դեռ կստանան այդ պրեպարատը։

Տեսանյութեր

Լրահոս