«Որևէ հատուկ ներգործություն այդ դեղը չունի». ԱՆ-ի աշխատակիցը՝ «Զիպրեքսա» դեղի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունից մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել իրենց բարձրացրած հարցի առնչությամբ, այնինչ խոստացել էին մինչև դեկտեմբերի 16-ը պատասխանել։
Հիշեցնենք, որ խոսքը «Զիպրեքսա» դեղի մատակարարումը դադարեցնելու մասին է։ Օրերս Կ. Թուխիկյանը հրավիրված ասուլիսի ընթացքում պատմել էր, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը, մասնավորապես, «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը՝ պատճառաբանելով, որ «թանկ է»։ Իրենք մի քանի անգամ դիմել էին Առողջապահության նախարարությանը, որտեղից նրանց վերջին անգամ հայտնել են, որ մինչև դեկտեմբերի 15-ը կպատասխանեն։
Առողջապահության նախարարի՝ մամուլի հարցերով օգնական Սաթենիկ Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ դեղը՝ «Զիպրեքսան», որը հիվանդները ստանում են, մինչև փետրվարի 20-ը հնարավորություն ունեն ստանալու.
«Այս պահին քննարկումներ են ընթանում մի շարք մասնագետների մասնակցությամբ, որպեսզի հասկանանք այդ դեղի շարունակելու անհրաժեշտությունը, գնային քաղաքականությունը։ Այդ դեղը բավականին թանկ է, ու շատ քիչ քանակությամբ մարդիկ են այդ դեղն օգտագործում, այնպես չէ, որ Հայաստանի բոլոր հիվանդներն այդ դեղն են օգտագործում։ Մարդիկ ուրիշ դեղեր են օգտագործում, իրենց կյանքի որակի վրա դա ոչ մի ձևով չի անդրադառնում, բոլորը նորմալ գրանցված, տարբեր երկրների արտադրությամբ դեղեր են՝ Հայաստանում գրանցված։ Հիմա համապատասխան մասնագիտական խմբերն աշխատում են, որպեսզի իրենց բարձրացրած հարցը լսելի լինի»։
Մեր դիտարկմանը, թե Կ. Թուխիկյանը վստահեցնում է, որ այդ դեղը թանկ չէ, դրա գինը այն չէ, ինչ նախարարությունն է ներկայացնում՝ Ս. Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Այնքան է, որքան ֆիքսված գներ գոյություն ունեն դեղատներում, այնքան է, որքան ներկայացվում է»։
Հիշեցնենք, որ Կ. Թուխիկյանը նաև ասում էր, որ խոսքը 300-ից ավելի հիվանդների մասին է։ Նախարարության աշխատակիցը նշում է, որ դրանց թիվն այնքան էլ շատ չէ.
«Վերցնենք մի քանի հիվանդների, որոնք ունեն նույն դիագնոզը, բայց տարբեր պրեպարատներ են ստանում՝ որևէ տարբերություն նրանց ոչ վարքային, ոչ ֆիզիոլոգիական վիճակների մեջ մասնագետները չեն տեսնում։ Այսինքն՝ որևէ հատուկ ներգործություն այդ դեղը չունի, ունի նույն ներգործությունը, նույն ազդեցությունը, ինչ այն մի քանի այլ դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում։ Երբևէ տարբերություն ազդեցությունների մասով չկա»։
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որպես շահագրգիռ կողմ՝ նրանց չեն տեղեկացնում ուսումնասիրությունների ընթացքի մասին, Ս. Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք պարբերաբար տեղեկացնում են այդ մասին. «Իրենք նույնիսկ եկել են նախարարություն, հանդիպում են ունեցել մեր աշխատակազմի ղեկավարի հետ»։
Մեր դիտարկմանը, թե շահառուները նախարարի հետ են ուզում հանդիպել՝ Ս. Մկրտչյանն այսպես պատասխանեց.
«Իսկ դուք փորձե՞լ եք ճշտել՝ ինչո՞ւ են իրենք ուզում հենց այդ դեղը ստանալ»։
Մենք պատասխանեցինք, որ նրանք հավաստիացնում են, որ շատ մեծ ազդեցություն է ունենում այդ դեղն իրենց հիվանդների առողջական վիճակի մասով, հիվանդների հարազատներն էլ ասում են, որ նախկինում ընդունած դեղերը որևէ ազդեցություն չեն ունեցել։
«Չի կարելի արտադրողի նկատմամբ նման բան ասել։ Ի՞նչ իրավունք ունեն իրենք այլ պրեպարատի մասին նման բան ասել։ Ինչո՞ւ հազարավոր հիվանդներ, որոնք այլ պրեպարատներ են օգտագործում, չեն բարձրաձայնում այդ հարցը, այդ մի քանի մարդու մասին է խոսքը, այդ մի քանի մարդու վրա է դա ազդում»,- արձագանքեց նախարարության աշխատակիցը։