«Պատրաստ ենք նույնիսկ երթի դուրս գալ, «Բաղրամյան 26» գնալ». 300-ից ավելի հիվանդների առողջությունը «վտանգի տակ է»
«300-ից ավելի հիվանդների առողջությունը վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։
Օրերս Կ. Թուխիկյանը հրավիրված ասուլիսի ժամանակ պատմել էր, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը՝ պատճառաբանելով, որ «թանկ է»։ Հոգեկան խնդիրներով տառապող շահառուների հարազատները և հասարակական կազմակերպության նախագահը մի քանի անգամ դիմել էին նախարարությանը, որտեղից նրանց վերջին անգամ հայտնել են, որ մինչև դեկտեմբերի 15-ը կպատասխանեն։
Մեզ հետ զրույցում Կ. Թուխիկյանն այսօր ասաց, որ դեռ ոչ մի արձագանք չունեն ոչ մի տեղից. «Հոկտեմբերի 28-ից մենք սկսել ենք մեր դիմումները, պայքարները, ոչ մի տեղից ոչ մի պատասխան չունենք առ այսօր։ Ես այսօր նորից վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանին գրեցի, որ՝ միգուցե կպատասխանե՞ք, թե ով, որտեղ, որ կառույցում ինչպիսի աշխատանքներ է տանում, և մեր շահառուներին ի՞նչ պատասխան կարող եմ ես փոխանցել»։
Կ. Թուխիկյանի համար անհասկանալի է այս լռության պատճառը.
«Կա՛մ իրենք թյուր ինֆորմացիա ունեն, թե ինչ է մեզ մոտ կատարվել, կա՛մ իրենք իսկապես ուսումնասիրություններ են անում, բայց կարող էր գոնե որևէ մեկը նախարարությունից զանգահարել մի հարցով, պատասխաներ, որպեսզի մենք իմանայինք՝ ինչի վրա ենք կանգնած, որ մի կետում է կանգնած այդ գործընթացը, բայց այսպիսի մեծ արհամարհանք այս խնդրին՝ երբեք չէինք մտածում։ Մենք արդեն չգիտենք՝ այսքան բանից հետո ում դիմենք, որպեսզի հասկանանք, թե որ էտապում են իրենց ուսումնասիրությունները»։
Հիշեցնենք, որ հոգեկան առողջություն ունեցող հիվանդների ծնողները և հարազատները նույնպես ասում էին, որ «Զիպրեքսա» դեղն օգտագործելուց հետո իրենց հարազատների մոտ մեծ դինամիկա է գրանցվել, հիմա նրանք ապրում են «հանգիստ» կյանքով, մինչդեռ նախկինում շատ «ագրեսիվ» էին, ինչն անմիջապես անդրադառնում էր նաև միջավայրի վրա։
Կ. Թուխիկյանը վստահեցնում է, որ «Զիպրեքսա» դեղը, որը փորձում են ներկայացնել՝ որպես թանկ դեղ, և հենց դրանով պատճառաբանել դրա մատակարարման դադարեցումը, իրականում թանկ չէ՝ 10 միլիգրամանոցն արժե ընդամենը 1.150 դրամ՝ 2.3 դոլար, այնինչ նախարարը հայտարարել է, որ այն արժե 10 դոլար։
Մեր այն հարցին՝ եթե, ի վերջո, այս խնդրին լուծում չտրվի, ի՞նչ քայլերի են դիմելու հիվանդների հարազատները, Կ. Թուխիկյանը պատասխանեց, որ իրենք ամեն քայլի պատրաստ են.
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ երթի դուրս գալ, «Բաղրամյան 26» գնալ, որովհետև մեր շահառուները և իրենց հարազատներն արդեն պատրաստ են ամեն ինչի։ Իրենք դեռ հույսները կապում են, որ մինչև փետրվարի 10-ը այդ դեղը կմտակարարվի, բայց կարծում եմ, որ մինչև տարվա վերջ պետք է լուծվեր այդ հարցը, որպեսզի իմանան, թե ինչպիսի ներդրումներ են անում։ Մեզ լուրեր են հասել, որ իրենք արդեն ուզում են մշտադիտարկման մի միջոցառում կազմակերպեն, թե այս դեղերն ուր են հասել։ Բավական է՝ անորակ, կավիճ դեղերով հիվանդներին դարձնել փորձադաշտ։ Չի կարելի այս հարցը թողնել բախտի քմահաճույքին։ Մեկնումեկը պետք է մեզ պատասխանի, շահառուներն անընդհատ մեզ զանգահարում են»։
Հարցին էլ, թե՝ չի՞ նշվում արդյոք՝ այդ դեղերն ի՞նչ դեղերով են ուզում փոխարինել՝ Կ. Թուխիկյանը պատասխանեց, որ ոչ մի ինֆորմացիա չունեն. «Մեր պահանջները մնում են անփոփոխ՝ թող ընդունի մեզ Առողջապահության նախարարն անձամբ, իմանանք՝ ուր են հասել այդ ուսումնասիրությունները»։
Առողջապահության նախարարության պարզաբանումը խնդրի առնչությամբ կներկայացնենք առաջիկայում։