Իրանի նախագահը փոխանցեց իր գլխավոր ուղերձը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի երկար սպասված պաշտոնական այցը Հայաստան սկսվեց ՀՀ իշխանություններին ուղղված ամենակարևոր և միակ ուղերձով։ Հայաստան ուղևորվելիս` Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Ռոուհանին ասել էր, որ Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային։

Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք ջանքեր են ներդնում Իրանը Եվրասիական տնտեսական միությանը կապելու համար, որին Իրանը դեմ չէ, իրանական կողմը շատ ավելի գլոբալ տրանսպորտային, տնտեսական ծրագրեր է առաջարկում Հայաստանին, ինչին ի պատասխան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ասաց, որ Հայաստանը նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք կարող է լինել Իրանի և ԵՏՄ-ի համար` «Հյուսիս-Հարավ» միջանցքով Պարսից ծոցը Սև ծովին կապելու կարճ երթուղով։ Սակայն սկսենք այցի հենց սկզբից։

Հասան Ռոուհանիի ընդամենը մի քանի ժամ տևած այցը ՀՀ մեկնարկեց օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, ինչը շարունակվեց ՀՀ նախագահական նստավայրում, որտեղ Իրանի նախագահը, ըստ արարողակարգի, առանձնազրույց ունեցավ Հայաստանի նախագահի հետ, որից հետո շարունակվեց Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումն ընդլայնված կազմով` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Բանակցություններից հետո նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը։ Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից` անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը։

Մտքեր փոխանակեցինք Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործելու եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից։ Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»,- ասաց ՀՀ նախագահն իր հայտարարության մեջ։

Ուշագրավ էր Ռոուհանիի հայտարարության այն հատվածը, որում նա վերահաստատեց Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում։ «Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը գործընկերներ են։ Մենք ուզում ենք տեսնել կայուն խաղաղություն, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին։ Խնդիրը ռազմական լուծում չունի»,- շեշտեց Ռոուհանին։

Իրանական կողմին ուղղված հայկական ուղերձները հնչեցին Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասաց, որ համաժողովը բավական օգտակար է հայ և իրանցի գործարարների միջև բիզնես համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։ Ուստի, ըստ նրա, ակնկալում են, որ սա հնարավորություն կտա երկու երկրների միջև ավելացնել առևտրաշրջանառությունն ու երկկողմանի ներդրումների ծավալը։

Նա տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում քննարկելու են համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը հնարավորություն կտա արտադրողին ապրանք արտահանել դեպի Իրան, իսկ իրանական արտադրողներին` դեպի ԵՏՄ և երկրներ, որտեղ Հայաստանն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ։

Նա նաև փոխանցեց, որ այս ծրագիրն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա մինչև գալիք տարվա ավարտ։ Համաժողովին ծրագիրը ներկայացրեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչ Արամ Վարդանյանը, ով նշեց, որ Հայաստանի համար երրորդ ազատ տնտեսական գոտին կկառուցվի Ագարակ քաղաքում, որտեղ ընտրվել է 37 հեկտար հողակտոր, որի վրա 10-15 հեկտար ազատ գոտի կկառուցվի։

Ըստ Վարդանյանի, եթե այս ծրագիրը հաջողվի ավարտին հասցնել, ապա հայկական կողմի կանխատեսումներով` 10 տարվա ընթացքում այս գոտին կգրավի շուրջ 120 ընկերություն, որոնց տարեկան միջինացված արտահանման ծավալները կկազմեն 80-100 միլիոն դոլար, ՀՆԱ ներդրումները` 350-400 միլիոն դոլար, կստեղծվեն 2500-ից ավելի աշխատատեղեր։ Վարդանյանը նաև տեղեկացրեց, թե որ շուկաներ են արտահանվելու այս գոտու ապրանքները, խոսքն Իրանի, ԵՏՄ երկրների, Միջին Արևելքի երկրների` ԱՄԷ-ի, Քուվեյթի, Քաթարի, Թուրքմենստանի մասին է։

«Դուրս են բերել այն առանցքային ոլորտները, որոնք նպատակահարմար կլինեն այդ տարածքում. մակրոսննդի և սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, քիմիական արդյունաբերություն, տեքստիլ արտադրություն, դեղաբուժություն և այլն»,- տեղեկացրեց Արամ Վարդանյանը։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ևս շեշտեց այս հնարավորության և այն մասին, թե ինչ է ցանկանում հայկական կողմը հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններից։

ser-hasan-jpg11111

«ՀՀ-ն փոքր շուկա լինելով` շատ լուրջ ներուժ ունեցող գործընկեր է Իրանի ներդրողների համար թե՛ հայկական շուկայում աշխատելու տեսանկյունից, թե՛ հայ գործարարների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելով եվրասիական շուկա, Եվրոպա, ԱՄՆ շուկա դուրս գալու տեսանկյունից։ Ինչո՞ւ մեր հետ միասին, որովհետև մենք շատ հետաքրքիր իրավական ռեժիմ ունենք, ԵՏՄ-ում լիիրավ անդամ ենք, մեր ապրանքները գնում են առանց մաքսատուրքերի, Եվրոպայում ունենք GSP+, ԱՄՆ-ում ունենք GPP համակարգ։

Ինչքան էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմվեն, որոնք դանդաղ գործընթացի հետևանք են, Իրանը` որպես խոշոր շուկա, չի ունենա այս կարգավիճակները, այս ռեժիմները, ինչը Հայաստանին է տրված անցումային երկրի և հարևանության ծրագրով։ ՀՀ-ում, ապրանք արտադրելով, մշակելով, փաթեթավորելով, ներուժը շատ մեծ է` այլ շուկաներում բարենպաստ մաքսային ու հարկային ռեժիմներից օգտվելով` մրցակցել և հաղթել։ Մենք սա ենք ցանկանում անել և կարծես թե հաջողվում է այս հանդիպումների ընթացքում փոքր բիզնեսից, միջինից բացի, խոշոր ներդրողներին դեպի Հայաստան մղել»,- ասաց Ղազարյանը։

Սակայն իրանցի ոչ բոլոր գործարարներն են դեռ հասկանում, թե ինչ առաջարկ է անում հայկական կողմը։ «168 Ժամի» հետ զրույցում մի շարք գործարարներ դժգոհեցին Հայաստանում բարձր մաքսատուրքերից և հայաստանյան ներդրումային դաշտի հուսալիության բացակայությունից։ Հարցը բարձրացվեց նաև համաժողովի ժամանակ, որին ի պատասխան` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը վստահեցրեց, որ Հայաստանում իրանցի գործարարների համար մաքսատուրքերը շատ անգամներ ավելի ցածր են, քան Իրանում։ Նա հորդորեց խոսել կոնկրետ ապրանքի օրինակներով։

Իր խոսքում Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օտարերկրյա գործարարների համար Հայաստանը կարող է գրավիչ լինել, չնայած փոքր շուկային, քանի որ ունի բաց տնտեսական դաշտ և շահավետ պայմաններ։ Ըստ նրա` իրանցի գործարարը, կազմակերպությունը ՀՀ-ում բիզնես սկսելու համար օգտվում է այն նույն պայմաններից, ինչ հայ գործարարը, ավելին, նրանց համար չկան սահմանափակումներ։ «ՀՀ-ում արտադրված ապրանքն ազատորեն առանց մաքսային ձևակերպումների արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ»,- վստահեցրեց փոխնախարարը, խոսելով ազատ տնտեսական գոտու հնարավորություններից։

ԻԻՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ իրանցի գործարարներին հետաքրքրում է ազատ տնտեսական գոտին, ովքեր դեռ ուսումնասիրում են գոտու ընձեռած հնարավորությունները։ Ըստ նրա` դա կարող է կարևոր ծրագիր դառնալ, հատկապես, որ կա Իրան-Հայաստան-ԵՏՄ առևտրատնտեսական համագործակցության հեռանկար։

«Ինչո՞ւ ոչ, իրանցի գործարարները կցանկանային օգտվել այս հնարավորությունից, եթե այն վերջնականանա»,- ասաց նա` միևնույն ժամանակ շեշտելով, որ հայ-իրանական գործարար, առևտրատնտեսական կապերը պետք է համապատասխանեցնել քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համաժողովի ընթացքում գործարարները հնարավորություն ունեցան B2B հանդիպումներ ունենալ, որից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։

serj-hasan-jpg989

Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ, ուստի անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել խոշոր տնտեսական ծրագրեր։ «Այսօր ես Իրանի նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին գալու Հայաստան և այստեղ գործ դնելու` ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին` նույնն անել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- ասաց նախագահը` վստահեցնելով, որ անձամբ վերահսկողության տակ կվերցնի այս գործընթացը։ Սարգսյանն ասաց, որ իրանական կապիտալն ավելի տեսանելի պետք է լինի Հայաստանում, որի համար ստեղծված են բոլոր նախադրյալները։ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից նա ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ, խոսքը GSP, GSP+ համակարգերի և ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված արտոնությունների մասին է։

Ռոուհանին, իր հերթին, նշեց, որ իր հայաստանյան այցի բանակցությունների առանցքներից մեկն իրանական գազի արտահանման զարգացումն էր, ընդլայնումը դեպի Հայաստան։ Նրա որակմամբ` առաջին քայլը կատարվել է երկու ժողովուրդների միջև առավել լավ հարաբերություների համար` նկատի ունենալով Մեղրիում և Ագարակում իրանական գազի մատակարարման մեկնարկը։

«Հաջորդ քայլը, որ պետք է կատարվի, բանկային հարաբերություններն են երկու երկրների միջև, դրանք պետք է աշխուժանան։ Երրորդ հանգամանքը, որին մենք պետք է հետամուտ լինենք, մաքսային, հարկային հարաբերություններն են, պետք է մեր մաքսատները նպաստեն ապրանքների փոխադրումներին և երաշխավորեն դրանք։ Հուսով ենք, որ այդ քայլը կատարված կլինի։

ser-hasan-jpg21

Բարեբախտաբար, Իրանի մաքսատունը հատուկ պայմաններ է նախատեսել ՀՀ-ի համար, և դա կարող է նպաստել տնտեսական հարաբերություններին։ Հաջորդ հանգամանքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններին, ազատ տնտեսական գոտու օգտագործումն է արդյունավետորեն։ Ազատ տնտեսական գոտին կարող է երկու երկրների հարաբերությունները դյուրացնել։

Իրանի և Հայաստանի աշխարհագրական դիրքերը ևս կարևոր են, կարևոր է տարանցիկ միջանցքը «Հյուսիս-Հարավ»։ Եթե մենք կարողանանք ավտոմոբիլային ճանապարհի միջոցով Հայաստանի, Վրաստանի միացմամբ Սև ծովին միանալով, ապա հետագայում` երկաթգծի կառուցմամբ, կապ ստեղծենք, որով Սև ծովը կկապվի Պարսից ծոցին, մեծ տնտեսական զարգացում տեղի կունենա տարածաշրջանում, և կշահեն մեր երկու երկրները։

Մենք խոչընդոտներ չենք տեսնում, այն անվտանգությունը, որն առկա է ՀՀ-ում և Իրանում, չափազանց կարևոր է։ Դա շատ լավ հենք է տնտեսական համագործակցության համար։ Մենք պետք է նախընտրելի սակագների և առևտրի ուղղությամբ լավ քայլեր կատարենք թե՛ Իրանի և Հայաստանի, թե՛ Իրանի և ԵՏՄ-ի միջև, որի անդամն է Հայաստանը, և շուտով տեղի է ունենալու համաժողով, և հուսով ենք, որ առաջին քայլն Իրանի և միության միջև տեղի կունենա նախընտրելի առևտրի համար»,- ասաց Ռոուհանին։

ԻԻՀ նախագահի այցը Հայաստան, այդ մի քանի ժամերի ընթացքում հնչած երկկողմ հայտարարությունները բավականին մեծ աժիոտաժ են բարձրացրել քաղաքական և փորձագիտական շրջանակներում, քանի որ այցի արդյունքում ըստ էության հստակորեն ուրվագծվեց ակնկալիքների այն շրջանակը, որն առկա է երկու կողմում հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ։ Իսկ թե այս բոլորովին իրարից տարբեր ակնկալիքներն ինչ արձագանք կստանան երկու կողմերում, ինչ ծավալով և ինչպես կիրականացվեն, ցույց կտա ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս