
«Ռիսկային զոնայից դուրս ենք եկել». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տնտեսական տարին, ասաց, որ 2016թ. Հայաստանի տնտեսական տարին բարդ էր ու հակասական՝ և՛ տնտեսական, քաղաքական ռիսկերի, և՛ արտաքին, ռազմաքաղաքական ռիսկերի տեսանկյունից:
«2016թ. բաց թողնված հնարավորությունների տարի էր: 11 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 0.6%, հուշում է, որ այն նվազագույն կանխատեսումն այս տարվա տնտեսական աճի՝ 2.2%-ի սահմաններում, թերևս, անհասանելի կլինի մինչև տարվա վերջ: Եվ այն ոլորտները, որոնք վատ վիճակում էին տարվա ընթացքում (շինարարությունը, գյուղատնտեսությունը), սրանց ազդեցությունը շատ մեծ է եղել մակրոտնտեսական վիճակի վրա, այդ պատճառով մենք ունենք այս պատկերը: Կարելի է նաև արձանագրել, որ 2016թ. տնտեսական ներդրումների առումով անբարենպաստ տարի էր, և այն աղբյուրները, որոնք ավանդաբար սնուցել են Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներ (էներգետիկա, հանքարդյունաբերություն), կարելի է ասել, ցամաքել են:
9 ամսվա տվյալներով` մենք ունենք 90 մլն դոլարի ներդրումներ, որը չնչին ծավալ է Հայաստանի տնտեսության համար»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ տարվա ընթացքում եղել է գնանկումային ֆոն, և ըստ նրա՝ 11 ամիսների դրությամբ 1.4% գնանկումը խոսուն ցուցանիշ է մակրոտնտեսական պահանջարկի անկման, որի հիմնական կոմպոնենտներից մեկն արտաքին մասնավոր տրանսֆերտներն են, որոնք, տնտեսագետի խոսքով՝ այս տարի շարունակեցին նվազել:
«Մոտ 1.3 մլրդ դոլարի արտաքին մասնավոր տրանսֆերտները նշանակում են այլ հավասար պայմաններում ներդրումների պակաս՝ հատկապես շինարարության ոլորտում, բնակչության գնողունակության անկում, աղքատության մակարդակի աճ, և այս տեսանկյունից՝ տարին ռիսկային էր մակրոտնտեսական առումով»,- նկատեց նա:
Արտաքին պարտքի վերաբերյալ էլ տնտեսագետը նշեց, որ Կենտրոնական բանկի աջակցությամբ կառավարությունը կարողացավ ապահովել բյուջետային կայունություն՝ ներքին պարտքի ավելացման հաշվին:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն էլ ռեկորդային է համարում Հայաստանում իրականացվող տոկոսադրույքի քաղաքականությունը.
«ԿԲ-ն շատ կտրուկ բարձրացրեց՝ 20%, այժմ լոմբարդային ինստրումենտը 8.20% է, և մենք մոտեցել ենք այն շեմին, որ բանկային համակարգը կարող է ինքնուրույն խնդիրներ լուծել: Գուցե պետք չէր, որ ԿԲ-ն այդքան կտրուկ բարձրացներ տոկոսադրույքը, որ, ի լրումն նրա, որ տրանսֆերտների անկման հետևանքով պահանջարկը նվազեց, դեռ մի բան էլ սպառողական վարկերից բխած սպառումն էլ նվազեց: Դա նույնպես նպաստել է նրան, որ մարդկանց սպառումը նվազի, ու ունենք գնանկում»:
Ըստ տնտեսագետի՝ մի ցուցանիշ բարելավվել է.
«Սպառումը որ նվազել է, ներմուծումը նույնպես նվազել է, ինչը մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից նշանակում է, որ մենք ռիսկային զոնայից դուրս ենք եկել: Մեր միջազգային պահուստներն այս պահին կազմում են 1.8 մլրդ դոլար, դա ոչինչ չասող ցուցանիշ է և ծածկում է 5-6 ամսվա մեր ներմուծումը: Այսինքն՝ նվազ ռիսկային զոնայում ենք: Օրինակ՝ Վրաստանում ներմուծումը չի նվազել, և լարվածություն կա, իսկ մեզ մոտ չկա այդ լարվածությունը»: