«Հայաստանի և Իրանի միջև դեռ ճանաչողության պակաս կա». ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչ
168.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական բաժնի պատասխանատու Հմայակ Ավետիսյանը
– Պարոն Ավետիսյան, շուրջ երկու տարի Հայաստանն ու Իրանն ավելի ինտենսիվորեն են աշխատում իրենց առևտրատնտեսական հարաբերությունների ողջ ներուժը բացահայտելու և օգտագործելու ուղղությամբ։ Ձեր գնահատմամբ՝ այս ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցվել, դա բավարա՞ր է արդյոք, ի՞նչ ակնկալիքներ կան ապագայի համար։
– Անցյալ երկու տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բավականին շատ հանդիպումներ են ունեցել ու, ինչո՞ւ ոչ, նաև լավ համագումարներ ենք ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում գործարարների միջև։ Իրանի նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված գործարար համաժողովը կարելի է համարել այդ միջոցառումների գագաթնակետը։
Բացի դրանից, երկու երկրները ցուցահանդեսներ են կազմակերպել։ Մի քանի ամիս առաջ Հայաստանը Թեհրանում ապրանքային ցուցահանդես կազմակերպեց։ Հայաստանից Իրան ներմուծելու համար բավականին շատ արտադրանքներ կան։ Անցյալ ամսվա մեջ Իրանի մաքսային կառավարիչն այցելեց Հայաստան, և երեկ մաքսային հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև, որը երկու երկրների առևտուրը կխթանի, կարագացնի և կհեշտացնի։
Մի քանի հուշագիր է ստորագրվել նաև առողջապահության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում, հույս ունենք, որ սրանք կօգնեն խթանելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Հայաստանի և Իրանի միջև փոքր-ինչ ճանաչողության պակաս կա, ցավոք սրտի, դրա պատճառով մեր տնտեսական հարաբերությունների մակարդակը, համեմատած քաղաքականին, կաղում է։ Հույս ունենք, որ գնալով կլավանա։
– Ինչո՞վ եք բացատրում այդ պակասը։
– Ճանաչողության պակասը հայկական կողմից է, որը, ցավոք սրտի, գնում է օտար երկրներից, ավելի դժվար ճանապարհներով է առաջին անհրաժեշտության ապրանքներն ու մթերքները բերում Հայաստան, չեն գալիս դեպի Իրան, որովհետև ճանաչողություն չունեն։ Երևի թե մտածում են, որ իրանական ապրանքները գուցե անորակ են։ Ես կարող եմ խոստանալ, որ, եթե գնան Իրան ու տեսնեն, կնկատեն, որ իրանական ապրանքներն անորակ չեն, որակյալ են, վերջին տարիներին շատ լավ փաթեթավորմամբ, հարմար արժեքներով, կարծում եմ, որ լավ կլինի։
– Գուցե իրանական կո՞ղմն է պասիվ եղել այս հարցում, պատժամիջոցները գուցե թույլ չեն տվել ակտիվություն ցուցաբերել այս հարցում։
– Այո, համաձայն եմ, նրանք ևս չեն ունեցել ճանաչողություն հայկական շուկայից։ Իսկ հիմա նոր հնարավորություններ են ստեղծվել, հետզհետե ուշադրություն են դարձնում, ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, և նրանց համար մի հեռանկար բացվում է, որ Հայաստանում ներդրումներ անեն, կարողանան վերամշակման ոլորտում աշխատել և մուտք գործել Եվրասիական տնտեսական շուկա, Եվրասիականից կարողանան Իրանի կարիքները հոգալ տարբեր ոլորտներում։
– Իրանը հիմնականում ի՞նչ ապրանքատեսակներ է արտահանում Հայաստան, կա՞ ցանկություն ընդլայնել նաև այդ ցանկը։
– Իրանը բավականին լուրջ արտադրական հզորություններ ունի մի շարք ոլորտներում՝ աշխարհի ամենամեծ գազային պաշարն ունի, նավթաքիմիական ոլորտում է ակտիվ, մեքենաշինության, սննդամթերքի, գյուղատնտեսության, շատ լավ ներուժ գոյություն ունի Իրանում և շրջակա երկրներ ևս կարողանում է արտահանել, խոսքն արաբական երկրների՝ Աֆղանստանի, Պակիստանի, էմիրությունների մասին է։ Հայաստանը փոքր շուկա է, բայց կան գործարարներ, որոնք ջանում են Իրանից ապրանք ուղարկել Հայաստան։ Կարծում եմ, որ ամեն ոլորտում կարող են աշխատել։
Միայն դժվարություններ կան, քանի որ օրենքներին ծանոթ չեն, տեղյակ չեն հայկական օրենքներին, մաքսատուրքերին, Հայաստանը ռիսկային են դիտարկում, մտածում են, որ գուցե իրենց ներդրումը կորչի կամ հնարավորինս չպաշտպանվի, բայց այդ փոքր անվստահությունը կա, ժամանակի ընթացքում հարթվում է, և գոնե վերջին տարվա ընթացքում շատ են գործարարներ եկել Հայաստան, հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտով, անասնապահության, հողագործության, որովհետև այստեղ շատ լավ հնարավորություններ կան այդ ոլորտներում ներդրումներ կատարելու համար։
– Իրանի նախագահի այցի շրջանակում քննարկվում է Հայաստանի միջոցով Իրանը ԵՏՄ-ին կապելու հարցը։ Այս հեռանկարով իրանցի գործարարները որքանո՞վ են հետաքրքրված։ Այս հարցում ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները։
– Հատուկ խնդիրներ չկան։ Հայաստանը որոշել էր Մեղրիի սահմանամերձ շրջանում ազատ առևտրի տնտեսական գոտի ստեղծել, դա դեռ սկզբնական քայլերի ցանկում է, Իրանը Հայաստանին դիտարկում է միակ երկիրը, որն անմիջական ճանապարհով սահման ունի ԵՏՄ-ի հետ, ուստի մտածում ենք, որ շատ լավ հնարավորություն կա, որ ներդրում անեն այստեղ, որի արդյունքում թե ՀՀ-ի համար աշխատատեղեր կստեղծվեն, թե միգուցե հնարավոր լինի, ինչ որ արտադրվում է՝ որպես հայկական արտադրանք, հեշտությամբ ուղարկել ԵՏՄ շուկա։
Իրանը կարող է իր կարիքները հոգալ Հայաստանի միջոցով, այսինքն՝ Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա, բայց դրա համար որոշ հնարավորություններ պետք է ստեղծվեն՝ ճանապարհները պետք է նորոգվեն, ենթակառուցվածքներ ստեղծվեն, պետք է տարանցման ծախսերը պակասեցվեն, այսինքն՝ մեքենաները, որոնք մուտք են գործում Հայաստան, պետք է փոքր-ինչ պակաս հարկեր մուծեն, քանի որ, համեմատ հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանում այդ ծախսը բարձր է, որի պատճառով իրանցիները նախընտրում են այլ երկրներով ճանապարհները։
Եթե դրանք իջեցնենք Հայաստանում, ճանապարհներին ուղեցույցներ տեղադրենք, հարմարություններ ստեղծենք հանգստի, մեքենաները կայանելու համար, ապա սա լավ եկամտի աղբյուր կդառնա Հայաստանի համար։ Սակայն պետք է աշխատել այս ուղղությամբ, մշակել այս բոլոր հարցերը։