«Խոսել դաշնակիցների մասին և հույսը դնել նրանց վրա, կլինի մեր ամենամեծ սխալը». Շիրակ Թորոսյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ 2016 թվականն անկյունաքարային ժամանակաշրջան էր Ղարաբաղյան հակամարտության համար: Այսօր տեղի ունեցած «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ պատգամավորն ասաց, որ մինչև 2016թ. ապրիլ և ապրիլից հետո եղած ժամանակաշրջանները տարբեր են:
«Մինչև ապրիլ թե՛ մենք, թե՛ համանախագահները հույս էինք փայփայում, որ հնարավոր է հասնել կոնֆլիկտի լուծմանը՝ առաջ քաշված խաղաղ սկզբունքներով: Ադրբեջանը կարծես թե կարողանում էր իմիտացիա անել, որ ինքը ևս դեմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն, ապրիլը գլխիվայր շուռ տվեց բոլորիս պատկերացումները: Պարզվեց, որ Ադրբեջանը մերժելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, ինչպիսիք են ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, կոպտորեն մերժելով այս հանրահռչակ նորմերը, որոշեց խնդրին լուծում տալ ռազմական ճանապարհով: Բնականաբար, Ադրբեջանը ձախողվեց, երկրորդ կարծիք չկա»:
Ապրիլից հետո, ըստ պատգամավորի՝ եկավ հետևությունների ժամանակաշրջանը. «Երբ միջնորդների կողմից փորձ արվեց կրկին կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը նորից խուսանավելով՝ փորձում էր ձախողել նաև այդ գործընթացները: Ամեն դեպքում, նրա վարքագիծը մեզ հուշում է, որ հույս դնել Ադրբեջանի վրա, թե նա կարող է խաղաղ ճանապարհով կոնֆլիկտին լուծում տալու իրական կողմնակից լինել, շատ դժվար է: Հետևությունը մեկն է՝ մենք մեզ վրա պետք է դնենք մեր հույսը»:
Ինչ վերաբերում է դաշնակիցներին, ապա պատգամավորը կարծում է, որ դաշնակիցները սովորաբար դաշնակցում են որևէ խնդրի շուրջ, նրանք չեն դաշնակցում ընդհանրապես ցանկացած հարցի շուրջ: «Դա միջազգային հարաբերությունների հազարամյակների պատմության ընթացքն է ցույց տվել: Չկա դաշնակցություն, որը լինի ընդհանուր բոլոր շահագրգիռ հարցերի շուրջ, հետևաբար՝ սպասել դաշնակիցներից այն առավելագույնը, որ մենք ակնկալում ենք, ճիշտ չէ, որովհետև տարածաշրջանում կան մեծ պետությունների խաչվող շահեր, և մենք պետք է կարողանանք ճկուն դիվանագիտությամբ մեր շահերն առաջ մղել: Խոսել դաշնակիցների մասին և հույսը դնել նրանց վրա, կլինի մեր ամենամեծ սխալը»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք պետք է համախմբվենք, մեր բոլոր ուժերը ներդնենք մեր պետության սահմանների պաշտպանության համար:
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը, քաղաքական ուժերը տոկուն գտնվեցին: Իհարկե, մենք տեսանք բացթողումներ, սխալներ, որոնք պետք է ընդունենք և արագորեն շտկենք: Եթե մենք այսօր պայքարում ենք՝ միշտ պատրաստ լինելով պատերազմին, ապա ավելի ենք մոտեցնում խաղաղ հանգուցալուծմամբ խնդրի լուծմանը հասնելը: