«Արցախյան հիմնախնդրի բանալին մեր ձեռքում է». Թևան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում ասաց, որ 2016թ. մի շարք դասեր տվեց, որոնք պետք է յուրացնել և հետևություններ անել, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել, որպեսզի այլևս չունենանք նմանատիպ իրավիճակների կրկնություն:
Առաջին դասը, ըստ նրա՝ այն է, որ հայկական կողմերն իրենց ունեցած խնդիրներն ինքնուրույն պետք է լուծեն. «Մենք պետք է կարողանանք զարկ տալ ռազմաարդյունաբերությանը, որը, ինձ թվում է՝ շատ կարևոր խնդիր է: Առաջնագծում ունեինք խնդիրներ, որոնք հիմա փորձում են լուծել: Բանակում առկա կոռուպցիոն գործընթացներն անթույլատրելի էին, և պետք է հասկանանք, որ, եթե մեղավորներին չպատժենք, ապա իրավիճակը չի փոխվի»:
Հաջորդ դասը, ըստ պատգամավորի՝ ստացան և՛ հայկական կողմերը, և՛ միջազգային հանրությունը, և՛ համանախագահները. հայ ազգը պատրաստ է մինչև վերջ կանգնել խնդրի համար: Պատգամավորն ընդգծեց՝ մեր տղաներն ապացուցեցին, որ Արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծման հնարավորություն, ինչ էլ որ լինի, պետք է այն լուծել բանակցությունների միջոցով:
«Արցախյան հիմնախնդրի լուծման համար հայ ազգը չի կորցրել որևէ մոտեցում, և այս դասը ոչ միայն մեզ համար է, այլ նաև միջնորդների: Եթե առաջ կար այնպիսի մոտեցում, որ կարելի է ձգձգել ժամանակը, և գուցե հայկական կողմերը կգնան զիջումների, ապա ապրիլյան դեպքերից հետո նրանք հասկացան, որ հայկական կողմերը չեն պատրաստվում գնալ զիջումների: Մեկ այլ կարևոր դաս, որը պետք է հասկացնենք միջազգային հանրությանն ու մեր ընկալման մեջ էլ փոխել, այն է, որ պատերազմը չի ավարտվել, և մենք պետք է կարողանանք ապրել պատերազմական հոգեբանությամբ: Մեր ամեն գործողություն պետք է պայմանավորված լինի անվտանգության խնդիրներով: Արցախյան հիմնախնդրի բանալին մեր ձեռքում է»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ եթե Հայաստանն ու Արցախն իրենց «տնային աշխատանքը» լավ կատարեն, զարգացնեն իրենց տնտեսությունը, ապա բոլորի մոտ կձևավորվի ընկալումը, որ այլևս ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին հնարավոր չէ որևէ ճնշումով ստիպել՝ գնալ զիջումների. «Ադրբեջանում ևս այլ գործընթաց կսկսվի, նրանք կհասկանան, որ հարցի շուրջ կարելի է բանակցել, և բանակցությունների պետք է նստի արցախյան կողմը: Առանց արցախյան կողմին բանակցություններում ներառելու՝ հիմնախնդրի մասին բանակցություններ չեն գնալու»:
Ըստ պատգամավորի՝ մեզ համար պարզ դարձավ նաև, որ Ադրբեջանին զսպող միակ գործիքն այն ընկալումն է, որ հայկական կողմերն իրենից ավելի ուժեղ են: «Որ պահին տեսնում է, որ բալանսը խախտվել է, ինքը ստանում է գայթակղություն՝ որևէ ռազմական գործողություն իրականացնելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում միակ դաշնակիցներն Արցախն ու Հայաստանն են, այլ դաշնակիցներ չկան: