Բաժիններ՝

«Մեր ավտոբուսները հունվարից արդեն կարող են ազատ մուտք և ելք գործել Ռուսաստան և Վրաստան». Ռիսկը վերացե՞լ է

Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս տարի իրենք տնտեսել են 740 միլիոն դրամ:

Նրա խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն ընթանում է բնականոն հունով, իսկ եկող տարվա ընթացքում այդ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակելու համար պատրաստվում են ներգրավել մասնավոր ներդրողների:

Վ. Մարտիրոսյանի խոսքով՝ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են, որ Վերին Լարսի անցակետի հետ կապված խնդիրները վերանան: Նրա խոսքով՝ իրենց  վրացի գործընկերներն անում են ամեն ինչ, որ այն անխափան աշխատի, բայց, ըստ նրա, եղանակից էլ է շատ բան կախված. «Ունեցանք աննախադեպ եղանակային պայմաններով ձմեռ: Այլընտրանքային ճանապարհների հարցը քննարկվում է, օրինակ` լաստանավով բեռների տեղափոխման հարցը, բայց հիմա Փոթիի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, որովհետև փոթորիկ է: Մնում է ավիափոխադրման տարբերակը»:

Նախարարի խոսքով՝ այսօր Լարսի անցակետն արդեն բաց է, և Հայաստանի սահմանին է արդեն մոտեցել 300 մեքենա, Լարսի սահմանը դեպի ՌԴ հատել է 240 մեքենա, 180 մեքենա էլ ուղևորվել է դեպի Հայաստան:

Կարդացեք նաև

Լրագրողի դիտարկմանը, թե Լարսում գտնվող վարորդները դժգոհում են, որ իրենցից գումար են պահանջում՝ Վ. Մարտիրոսյանն ասաց, որ օրերս եղել է Լարսում, խոսել է վարորդների հետ, նման դժգոհություններ ինքը ևս լսել է. «Ռուսաստանի կառավարության առաջ ես բարձրացրել եմ այդ հարցը: Ես եղել եմ Լարսում և այդ հարցը բարձրացրել եմ սահմանային կետի ղեկավարների առաջ: Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է»։

Նախարարը նաև ասաց, որ իրենք պաշտոնական մակարդակում փորձում են կարգավորել այդ հարցերը:

Վ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ ԱԺ-ում նոր ընդունված օրենքով խստացնում են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

«Հիմա բոլոր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կանցնեն օրինական դաշտ, ու կունենանք օրենքով աշխատող ուղևորափոխադրումներ։ Դա մեր առաջին քայլն է, բայց պետք է առաջին հերթին վարորդները պահեն կանոնները, միայն օրենքի գործելը քիչ է»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն ասել էր, որ, եթե ոլորտը չկանոնակարգվի, ռիսկ կա, որ հունվար ամսից մեր ավտոբուսները չեն կարող  մուտք գործել Ռուսաստան և Վրաստան։

168.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե օրենքի ընդունելուց հետո արդյոք այդ ռիսկը վերացե՞լ է։ Ի պատասխան՝ Վ. Մարտիրոսյանն ասաց. «Մենք աշխատում ենք մեր վրացի և ռուս գործընկերների հետ և ցանկացած կանոնավոր ուղևորափոխադրողների տվյալներ հաղորդել ենք իրենց, և կարող են արդեն ազատ մուտք և ելք գործել»։

Մեր ճշտող հարցին, թե արդեն ռիսկ չկա՞ այդ առումով՝ նախարարը պատասխանեց, որ, եթե օրենքը չընդունվեր, ռիսկ կլիներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս