Բաժիններ՝

«Ռիսկ կա, որ հունվարից Ռուսաստանը և Վրաստանը թույլ չեն տա, որ Հայաստանից ավտոբուսներ մուտք գործեն իրենց տարածք». Փոխնախարար

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նկատեց, որ կան կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներ. «Այս պահի դրությամբ ՀՀ-ում ծայրաստիճան լիբերալիզացիայի է ենթարկվել այդ ոչ կանոնավոր  փոխադրումը, և կորել է այն եզրը, որտեղ հնարավոր է վերահսկողություն իրականացնել։

Առաջարկում ենք հստակություն մտցնել՝ ինչ բան է կանոնավոր ուղևորափոխադրումը, և ինչ բան է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը։ Կանոնավոր ուղևորափոխադրումը պետք է ունենա հստակ չվացուցակ, պետք է այդ չվերթերը կատարվեն համապատասխան ենթակառուցվածքներով օժտված ավտոկայանային տարածքներից, բնականաբար, տոմսերի վաճառքը պետք է իրականացվի նույն եղանակով՝ կենտրոնացված կարգով, այսինքն՝ որպես անալոգիա կարելի է բերել նույն ավիացիոն շրջանակներում կատարվող  գործողությունները։ Այս օրենսդրական փաթեթը միտված է մեր քաղաքացիների անվտանգ երթևեկությանը»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ իրենք որոշակի վտանգներ էին տեսնում, որ կան կենտրոնացման միտումներ. «Այն մասերը, որտեղ հանձնաժողովը վտանգներ է տեսել, հանվե՞լ են, թե՞ նույն ձևով մնացել է»։

Փոխնախարարը պատասխանեց՝ ասելով, որ կենտրոնացման մասին բացարձակ խոսք չի կարող գնալ. «Քանի որ հետագա գործընթացները տեղի են ունենալու թափանցիկ մրցույթների  հայտարարման ու դրանց հիման վրա կնքվող պայմանագրերի հիման վրա։ Այս փաստաթուղթը շատ կարևոր է, քանի որ հիմնական ուղղությունների մեր գործընկերները՝ Ռուսաստանը, Վրաստանը, պարտադրում են, որպեսզի  կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները լինեն միջազգային նորմերին համապատասխան։ Մենք ռիսկ ունենք, որ, եթե չունենանք այդ կանոնավոր փոխադրումների թույլտվությունները, այլևս հունվարից սկսած՝ մեր ավտոբուսները Ռուսաստանի տարածք ներս չթողնեն»։

Վ. Այվազյանը հստակեցրեց՝ Ռուսաստա՞նը, թե՞ Վրաստանը չի թողնելու։ Փոխնախարարը պատասխանեց, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը չեն թողնելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս