Բաժիններ՝

«Կառավարությունը մի լավ բան է արել». ՀԱԿ անդամ

2017 թվականի պետական բյուջեն «սովորական» ֆինանսական փաստաթուղթ է, որի մեջ տնտեսական առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Այս կարծիքին է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքը ոչ թե տնտեսությունը խթանելու նպատակ է հետապնդում, այլ՝ բյուջեի համար միջոցներ հայթայթելու, քաղաքացիներին ավելի հարկելու նպատակ:

«Սովորաբար բյուջեն այնպիսի փաստաթուղթ է, որն իր մեջ ուղերձ է պարունակում և՛ քաղաքացիներին, և՛ բիզնեսին։ Քաղաքացիներին ուղղված ուղերձն այն է, որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, այսինքն՝ այն կյանքով, որ ապրել եք, կամ այն եկամուտները, որոնք ունեցել եք, դրանից ավելի չեք ունենա: Բիզնեսի առումով որ նայում եք՝ այդտեղ որևիցե ուղերձ չկա, որ գիտեք՝ մենք կանգնած ենք ձեր կողքին, մենք ձեր խնդիրները լուծելու ենք: Այստեղ կարևոր մի խնդիր կա՝ մինչ այդ ընդունվել էր Հարկային օրենսգիրք, նույն այդ օրենսգրքով են պայմանավորված նույն այդ խնդիրները, որոնք պետք է լուծի կառավարությունը: Հարկային օրենսգիրքը ոչ թե նպատակ է հետապնդում տնտեսությունը խթանել, այլ բյուջեի միջոցներ հայթայթել քաղաքացիներին ավելի հարկելու համար: Այսինքն՝ որևէ խրախուսական միջոցներ, հնարավորություններ այդ Հարկային օրենսգիրքը չի տալիս»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի բյուջեում զարգացման մասին որևէ խոսք չկա. «Բյուջեն ընդամենն ասում է՝ այն, ինչ եղել է անցած տարի, նույնը կամ քիչ ավելի վատ կլինի 2017-ին»:

Վ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ կառավարությունը մի լավ բան է արել. «Ինքը (խոսքը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է.- Ա. Ք.) եկավ, ասաց, որ իսկապես տնտեսության վիճակը վատ է։ Լավը նա էր, որ եկավ, խոստովանեց, որ այն վիճակագրական տվյալները, որ տարիներ շարունակ ներկայացվում էին, իրականությանը չեն համապատասխանում։ Բայց սա էլ քաղաքական նկատառումներից ելնելով արեց, սա իրեն պետք էր, որ ֆիքսի ցածր բազա, որպեսզի 2017 թվականի երկրորդ կիսամյակից սկսած իրենք բարձր թվեր ցույց տան»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս