Որքան մեքենա է կուտակված Լարսի անցակետում. Վահան Մարտիրոսյանը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
«Լարսի անցակետն այս պահին փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար։ Երեկ և նախորդ օրը եղանք այնտեղ, մեր աչքով տեսանք՝ ինչ առատ ձյուն է տեղում։ Վրացի գործընկերները ներդրել են բոլոր տեխնիկական միջոցները, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին, բայց, իհարկե, բնություն է, մենք էլ տեսանք, թե ինչ է կատարվել մեզ մոտ։ Այսպիսի ձյուն վաղուց չէինք տեսել»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նա դժվարացավ նշել, թե երբ կբացվի անցակետը, սակայն նշեց, որ աշխատանքները տարվում են, եթե ձյունը մի փոքր թուլանա՝ մի քանի ժամվա ընթացքում կբացվի։
Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մոտ 400-ը հայաստանյան մեքենաներն են. հիմնականում կուտակված են բեռնատար մեքենաներ։ Հայաստանի կողմից կուտակված մեքենաների քանակը, ըստ նախարարի, ավելի քիչ է։
Նախարարն ասաց նաև, որ քննարկումներ են ընթանում՝ լուծումներ գտնելու համար։
«Փորձում ենք այլընտրանքային ճանապարհներ գտնել,- ասաց նա՝ նշելով, որ բանակցություններ վարվում են,- կան հուսադրող ձեռքբերումներ, բայց դեռ վերջնական չեն»։
Անդրադառնալով սահմանային կուտակված բեռնատարներում պարենային ապրանքների փչանալու հավանականությանը՝ նախարարն ասաց, որ, երբ անցակետը բացվում է, առաջին հերթին թողնում են այն մեքենաները, որոնք արագ փչացող ապրանքներ են տեղափոխում։
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ խնդիրներ հաճախ առաջանում են ամառային անվադողերով երթևեկելու հետևանքով։ Նրա խոսքով՝ երբ մարդատար մեքենաների համար անցակետը բացվում է, հնարավորություն կա նաև մեքենաներին օգնել տեխնիկայի միջոցով, որոնք պետք է ձմեռային անվադողերով լինեն։