Բաժիններ՝

«Եթե մինչև 27 տարեկանը հանգիստ խղճով դա արել են, կարծում եմ` մեկ Նոր տարի՝ այս կողմ կամ այն կողմ, շատ բան չի փոխում նրանց կյանքում». Վիգեն Սարգսյան

Նախորդ Ազգային ժողովի հերթական նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացրել էր 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած այն անձանց խնդիրը, որոնք կարող են վճարում կատարել ու հանգիստ վերադառնալ հայրենիք։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքն ասում է, որ այն մարդիկ, ովքեր, 27-ը լրացել է, ՀՀ օրենքով մուծում են անում պետբյուջե և դուրս են գալիս հետախուզումից։ 3 զինակոչ է արդեն՝ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ԱԺ՝ ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծը։ Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած՝ փող եք ման գալիս, ես արդեն որերորդ անգամ ասում եմ ձեզ փող վաստակելու օրենքով ճանապարհը, ինչո՞ւ չեք անում, կամ էլ այս օրենքը հանեք, սա մի տեսակ գին է փախուստի համար, բայց մարդիկ ասում են՝ կիրառել օրենքը։ 3 զինակոչ չկիրառելու արդյունքում՝ շատ լուրջ քանակ կա, որ սպասում են այս որոշման երկարաձգմանը։ Եթե կիրառվելու է, եկեք դա կիրառենք մինչև Նոր տարի,  էլ չեմ ասում՝ բյուջեն գումար կգա, նաև հարյուրավոր մարդիկ  կկարողանան Նոր տարին անցկացնել իրենց տանը»,- ասել էր Ա. Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ խոստացել էր, որ կուսումնասիրի խնդիրը։

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Ա. Մանուկյանը հետաքրքրվեց գործի ընթացքից։

Կարդացեք նաև

«Ես անմիջապես մեր հարցուպատասխանից հետո ուսումնասիրել եմ խնդիրը։ Պարզվեց, որ այնպես է լինում, որ երկուսս էլ ճիշտ ենք։ Օրենքը շարունակում է գործել, այսօր էլ տեղի են ունենում նիստեր, որոնք քննարկում են նման հայտեր։ Դուք ճիշտ եք այնքանով, որ այդ օրենքի վերջին երկարացումից հետո այն տարածվել է միայն մինչև 2015 թվականի մայիսի 15-ին 27 տարին լրացածները։ Վիճակագրությունը չի համընկնում ձեր ենթադրածի հետ, մենք տարեկան ունենում ենք մի քանի հարյուր դիմում բոլոր տարիներից։ Ամենաշատը եղել է 650 դիմում տարեկան։

Այս պահին չեմ  կարծում, որ շատ ստվար հատված կա, որ ուզում է ու չի կարողանում օգտվել այդ օրենքից, ինչպես ասել եմ, դա իմ օրենքը չէ, ես որպես կառավարության անդամ՝ կմասնակցեմ այդ օրենքի քննարկումներին։ Ես չեմ կարծում, որ այս օրենքն այսքան հրատապ և առաջնային է։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք խուսափում են զինվորակայն ծառայությունից այս կամ այն պատճառով, և, եթե մինչև 27 տարեկանը հանգիստ խղճով դա արել են, կարծում եմ՝ մեկ Նոր տարի՝ այս կողմ կամ այն կողմ, շատ բան չի փոխում նրանց  կյանքում»,- պատասխանեց Վ. Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս