Բաժիններ՝

«Հասկանում եմ՝ ինչու եք հարցնում, հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում». Վիգեն Սարգսյանը՝ Արամ Մանուկյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի  անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցով դիմեց Վ. Սարգսյանին. «Այս փոփոխությունները, որ ներկայացրեցիք, ինչո՞ւ չկային առաջին ընթերցման ժամանակ, ձեր ներկայացրածից չհասկացա՝ ի՞նչն էր փոխվել։ Առաջին ընթերցման ժամանակ վախվորած էի, որ միգուցե սխալ եմ ասում այդ հազար դրամի համար, դրանից հետո մենք  բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, 100 տոկոսանոց բոլորը գտնում են, որ սա անարժանապատիվ քայլ է, երբ պետությունը հասարակությունից ընդամենը 10 միլիոն դոլարի խնդրի համար լրացուցիչ բեռ է  ավելացնում հասարակության վրա։  Դուք ուսումնասիրություն արե՞լ եք՝ ձեր այս քայլն ի՞նչ արձագանք է գտել հասարակության մեջ»։

Ի պատասխան՝ նախարարն ասաց՝ կարծում եմ, որ ՀՀ-ում վաղուց չկա որևէ հարց, որի շուրջ 100 տոկոսանոց միակարծություն լինի. «Դա ինձ շատ ուրախացնում է, որովհետև դա ժողովրդավարության առանցքն է։ Համաձայն եմ, որ կան մարդիկ, ովքեր կիսում են ձեր տեսակետը, ինձ համար շատ կարևոր ցուցիչ էր Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ քվեարկությունը, որովհետև ես ժողովրդի կարծիքի գնահատման երկու ձև գիտեմ՝ հանրաքվե և Ազգային ժողովում քվեարկություն»։

Անդրադառնալով իր բերած օրենսդրական փաթեթին՝ Վ. Սարգսյանն ասաց, որ դրանք այն օրենքների փոփոխություններն են, որոնք թույլ են տալու  հիմնական օրենքի  կիրառումն արդյունավետ ապահովելու համար. «Մենք բազմաթիվ խնդիրներ լսեցիք տարբեր օրենսդրական ակտերի հետ կապված, և առաջարկվեց մինչև երկրորդ ընթերցումն ամբողջական վերանայելով՝ փորձել շտկել այն հնարավոր խնդիրները, որ կարող են լինել։ Այդ աշխատանքը ջանասիրաբար կատարվել է, և բերվել են այդ փոփոխությունները»։

«Դուք Անվտանգության խորհրդի անդամ եք, վերջապես հայտարարեք՝ ամնիստիա լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- մեկ այլ հարցով կրկին նախարարին դիմեց Ա. Մանուկյանը։

Վ. Սարգսյանն էլ ասաց, որ Ա. Մանուկյանը, լինելով երկար տարիների քաղաքական գործիչ, պետք է շատ լավ հասկանա, որ, թեև համաներման թեման շատ շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը միշտ շատ նրբությունների հետ է կապված, ու դրա մասին նախապես հայտարարելը ոչ լեգիտիմ պրակտիկա է. «Հարգում եմ ձեր հարց տալու իրավունքը, հասկանում եմ՝ ինչու եք հարցնում, հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս