«Բերեք չքաղաքականացնենք, ում որդին ուզում է՝ լինի». Կամո Քոչունցը` Սուրիկ Խաչատրյանի որդու զինծառայության մասին

«Բերեք չքաղաքականացնենք, մի քիչ այլ ուղղությամբ եք տանում, ես ուղղվածությունը փոխում եմ, ում որդին ուզում է՝ լինի, մենք ունենք զորահավաքի նախապատրաստության, պահեստազորայինների պատրաստության օրենքներ և բոլոր միջոցառումներն իրականացնում ենք այդ օրենքի շրջանակներոմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը` մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու զինծառայության և մարտական պատրաստվածության հարցը:

Նա տարակուսեց, թե ի՞նչ է նշանակում` նա պատրաստված չէ: Ըստ Քոչունցի` այս պահի դրությամբ ՀՀ ԶՈՒ կցագրված 95% և ավելին ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում, այդ թվում` նաև հիմնականում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իսկ այդ դեպքում, եթե ծառայել է 50-100 մետրի վրա, հակառակորդի շունչն է զգացել:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ Քոչունցը նշեց, որ ընդհանրապես մտավախություն չունի դրա կապակցությամբ: Նրա խոսքով` դա այսօր չի ստեղծվել, բոլոր համապատասխան պայմանագրերը կնքվել են 2000 թ. սեպտեմբերին, այսինքն` 16 տարի առաջ.

«Այսօրվա քննարկումը գնում է գործնական կտրվածքով: Իհարկե, զորախմբավորման ստեղծումը` և 2000 թ.-ին, և այսօր, զարգացման հետագա քայլերն իրականացվում են ի շահ ՀՀ-ի, քանի որ ապահովումը բոլոր կտրվածքներով էլ որ վերցնենք, համեմատական վերցնենք, ՀՀ և ՌԴ կտրվածքով համեմատական` դեպի հավանական հակառակորդի, իհարկե, միացյալ ուժերն ավելի մեծ շանս ունեն: Մեր ազգային անվտանգության շահերից ելնելով ենք, իսկ ՌԴ շահը տեռորիզմի դեմ պայքարն է, որը մեծ վտանգ է, Իսլամական պետության ստեղծումը, որը մեզ ավելի մոտ է, իսկ հաջորդը լինելու է Ռուսաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս