«Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին իրենց պայմանը թելադրեցին». Լուկիանով

«Եռանախագահող երկրների հայտարարությունում կար մեկ նորություն»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն՝ անդրադառնալով Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ և հնարավոր զարգացումներին կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ եռանախագահող երկրների ԱԳ նախարարները մասնավորապես նշել էին. «Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգել Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին համատեղ հայտարարություններ են հրապարակվել: Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման հարցում: Մենք կոչ ենք անում վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ստեղծման գործում: Այդ առաջարկները պետք է կյանքի կոչվեն անմիջապես կարգավորման բանակցությունների վերսկսման հետ»:

Ֆյոդոր Լուկիանովի կարծիքով՝ հետաքրքրականն այդ հայտարարությունում այն էր, որ համանախագահներն ուղերձ փոխանցեցին և՛ Ադրբեջանին, որն անիմաստ է համարում մեխանիզմների կիրառումը շփման գծում, և՛ Հայաստանին, որն առանց այդ մեխանիզմների ներդրման՝ բովանդակային բանակցություններն անիմաստ է համարում: «Համանախագահներն ասացին, որ և՛ մեխանիզմները պետք է ներդրվեն, և՛ բովանդակային բանակցություններ պետք է ծավալվեն: Սա է բանակցային գործընթացի շարունակության հետագա պայմանը, առանց որի միջնորդները հրաժարվում են աշխատել:

Իմ գնահատմամբ՝ սա ճիշտ մոտեցում է և չի հակասում հայկական կողմի շահերին, քանի որ հենց հայկական կողմն է ցանկանում հրադադարի պահպանման մեխանիզմների կիրառում ղարաբաղաադրբեջանական շփման գծում: Դատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցներից, հայկական կողմը զիջումների ևս պատրաստ է կարգավորման երեք սկզբունքների շրջանակում: Ադրբեջանի նախագահն իր հերթին՝ խոսում է հողերը խաղաղ եղանակով ետ բերելու մասին, սա նոր զարգացում է, գուցե այստեղ կոնսենսուս սկսի ձևավորվել:

Ամեն դեպքում, կարծում եմ՝ լայնածավալ բախումներ մենք այլևս չենք տեսնելու, թեև նման բախումներ չէինք ակնկալում նաև ապրիլ ամսին»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:

Դիտարկմանը, թե ռուս-թուրքական մերձեցման գործընթացն էլ ավելի է սրացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը, Լուկիանովն արձագանքեց՝ ասելով, որ ռուս-թուրքական հարաբերություններում նոր ծրագրեր չկան:

Ըստ նրա՝ կողմերը ներկայումս աշխատում են հարաբերությունների նախկին ծավալը վերականգնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ՝ Արևմուտքին ցույց տալով, որ առանց նրա կարող են լուրջ բևեռ ձևավորել, ինչը, փորձագետի գնահատմամբ՝ այդքան էլ լուրջ չէ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջին զիջումը, Լուկիանովի որակմամբ, սիրիական և ղարաբաղյան  հակամարտությունների շուրջ նրանց  ցուցադրական կոնսենսուսն էր օրերս Թուրքիայում Լավրով-Չավուշօղլու հանդիպման արդյունքներով:

«Ադրբեջանը կարող է դրանից ոգևորվել,  բայց Ռուսաստանի քաղաքականությունը և շահերը չեն փոխվել: Ռուսաստանը Հարավային Կովկասում շարունակելու է իր ավանդական քաղաքականությունը, չեմ կարծում, թե փոփոխություններ են լինելու»,- նշեց ռուս վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս