Վայոց ձորում խաղողի դիմաց «Վեդի Ալկոյի» պարտավորությունները մարվել են
Այս տարի սեպտեմբերին սուր իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորում, որտեղ «Վեդի Ալկո» ընկերությունը չէր կարողանում մարել խաղողագործներին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց պարտքը՝ շուրջ 140 միլիոն դրամ: Աղավնաձորցիներն անգամ իրենց երեխաներին սեպտեմբերի 1-ին չէին ուղարկել դպրոց, փոխարենը՝ գյուղապետարանի բակում բողոքի ցույց էին արել։ Մարզպետ Հարություն Սարգսյանը գյուղացիներին խոստացել էր 15 օրվա մեջ խնդիրները լուծել, այլապես՝ հրաժարական տալ։
Սակայն կառավարության փոփոխությունից հետո էլ խնդիրը դեռ չէր կարգավորվել, և վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես լուծում, դիտարկում էր նաև պետական միջամտությունը։ «Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել էր վարչապետը:
«Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանը խաղողագործների պարտքը մարել է ամբողջությամբ և այսօր որևէ գումար պարտք չէ։ Մեր հարցին, թե խնդիրը կառավարությա՞ն աջակցությամբ է լուծվել, Մ.Ղազարյանը պատասխանեց.
«Եղել է նաև աջակցություն, բայց ոչ կառավարության կողմից, մենք գումարները վճարել, վերջացրել ենք»։
Վայոց ձորի մարզպետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Վեդի Ալկոյի» հետ կապված խնդիրները հարթվել են կառավարության աջակցությամբ.
«Երբ գյուղատնտեսության նոր նախարարն առաջին անգամ այցելել էր մարզ, այդ օրն էլ գումարը վճարվել է։ Ամբողջությամբ վճարվել է նաև այս տարվա բերքի համար։ Ցավոք, այս տարվա խաղողի բերքը քիչ էր, և, եթե անցած տարի գյուղացին խնդրում էր, որ 100 դրամով գնեն, ապա այս տարի գինը հասավ 250-270 դրամի, և տեղում վճարեցին, պարտք մնալու խնդիր չի եղել»։
Հ. Սարգսյանի խոսքով՝ դեռ փոքր մթերողներ կան, որ ամեն տարի գյուղացիներից խաղողը պայմանագրով մթերում են և մինչև դեկտեմբերի վերջ մարում, և այս տարի էլ մինչև դեկտեմբերի 31-ը կմարեն։
Թե ի՞նչ է սպասվում հաջորդ տարի՝ խաղողի մթերումների հետ կապված, մարզպետը նշեց, որ շուկան է որոշողը.
«Շուկան գին է թելադրում, տեսանք՝ անցյալ տարի և այս տարի ինչ գնով մթերեցին։ Շուկան է թելադրում և արտադրողների հնարավորությունները պետք է լինի, թե ինչ չափով կարտահանեն։ Կարծում եմ՝ կկարգավորվի, որովհետև, իրոք, գնում ենք բիզնեսի կանոններով, պետք է կանոնակարգված աշխատել»։