Թրամփը հաղթել է ընտրություններում գիտնականների և Big Data-ի շնորհիվ. Das Magazin
Das Magazin շվեյցարական հանդեսը հրապարակել է սենսացիոն հետազոտություն: Ըստ պարբերականի՝ գիտնականները, Big Data-ն և նորագույն տեխնոլոգիաներն են ապահովել Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում:
Հետևում են բոլորին
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
Օգտատերերի ցանկացած գործողություն սոցցանցերում, անգամ հասարակ հավանումը (like), կամ որոնումը Google-ում հետք է թողնում համացանցում: Այս ամենի միացումը կոչվում է Big Data: Մասնագետները պնդում են, որ թե՛ Թրամփի հաղթանակում, թե Brexit-ի դեպքում մեծ դեր ունի նույն ընկերությունը՝ Cambridge Analytica-ն, որը մասնագիտացած է Big Data-ի ուսումնասիրություններում:
Կոսինսկիի հետազոտությունը
Աշխարհում փսիխոմետրիայի առաջին լաբորատորիայի ստեղծողն իր համակուրսեցիների հետ MyPersonality անվամբ հավելված է ստեղծել Facebook-ում: Այս հավելվածում օգտատերերը պատասխանում են հարցերի: Պատասխանները օգնում են հասկանալ մարդու անհատականությունը: OCEAN, այսպես է կոչվում մարդու անհատականությունը պարզելու մեթոդը: Բացի այդ, մարդու անհատականությունը պարզելու համար գիտնականները հետազոտել են օգտատերերի հավանումները, կիսված նյութերը և մյուս գործողությունները Facebook-ում: Ըստ հետազոտության՝ 68 լայքը թույլ է տալիս հասկանալ մարդու մաշկի գույնը, ինչպես նաև դիրքորոշումը՝ հանրապետակա՞ն է, թե՞ դեմոկրատ:
Գիտնականները պարզել են, որ 150 լայքի դեպքում կարելի է ճանաչել մարդուն ավելի լավ, քան ծնողները, 300 լայքի դեպքում՝ ավելի լավ, քան զուգընկերը:
Երբ Կոսինսկին հրապարակել է հետազոտության արդյունքները, ստացել է 2 զանգ՝ բողոք և աշխատանքի առաջարկ: Երկուսն էլ՝ Facebook-ից:
Շարժվելով առաջ՝ Կոսինսկին սովորել է գնահատել մարդկանց OCEAN մոդելի շրջանակներում՝ օգտագործելով գլխավոր նկարները, ընկերների քանակը և այլն: Ստացվում է, որ Կոսինսկին ստեղծել է որոնողական համակարգ, որտեղ որոնումները կատարվում են մարդկանցով:
Թրամփի և Brexit-ի կապը
2014 թվականին Strategic Communications Laboratories-ը, որը զբաղվում է նախընտրական ընկերություններով, Կոսինսկիին առաջարկել է ուսումնասիրել 10 մլն մարդու: Ավելի ուշ Wikileaks-ի հրապարակած տվյալներով պարզ է դառնում, որ SCL-ի դուստր ընկերություններից մեկը հենց նույն Cambridge Analytica-ն է:
Սակայն Կոսինսկին, հասկանալով իր աշխատանքի վտանգավորությունը, հրաժարվում է աշխատել SCL-ի հետ և տեղափոխվում է Սթենֆորդ: 2015 թվականին Կոսինսկին իմանում է, որ Brexit-ի ռադիկալ արմատականների առաջնորդ Նայջել Ֆարաջը համագործակցում է նույն Cambridge Analytica-ի հետ: Նախընտրական կազմակերպություններում նա օգտագործել է Կոսինսկիի մշակած «Օվկիանոսի մեթոդը»:
Կոսինսկին հասկացավ, որ իր հայտնագործությունն օգտագործում են քաղաքական մեծ խաղերում:
Թրամփի և Cambridge Analytica-ի կապի մասին քչերը գիտեին, սակայն քաղաքական գործիչն իր թվիթերյան միկրոբլոգում մեկ անգամ գրել էր, որ շուտով բոլորը նրան կսկսեն անվանել Պարոն Brexit:
Աղբյուրը նշում է, որ, եթե Հիլլարի Քլինթոնը մարդկանց բաժանում էր ընդհանուր խմբերի՝ կանայք, աֆրոամերիկացիներ և այլք, ապա Թրամփը և նրան աջակցող Cambridge Analytica-ն ուսումնասիրում էր մարդկանց հետաքրքրությունները:
Ընկերությունը մարդկանց մասին հավաքել էր տվյալներ տարբեր բազաներից՝ կլինիկաներ, թերթերի բաժանորդագրություններ, բջջային օպերատորներ, ակումբային քարտեր, և, իհարկե, Facebook: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ուսումնասիրել է Միացյալ Նահանգներում ապրող 220 մլն չափահասների հետաքրքրություններ:
Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները ստեղծել էին մի հավելված, որը ցույց էր տալիս, թե ինչ հետաքրքրություններ ունեն տվյալ բնակարաններում ապրող մարդիկ: Այդ միջոցով Թրամփի ներկայացուցիչները մտնում էին տուն, խոսում էին ընտրողների հետ և համոզում էին քվեարկել Թրամփի օգտին:
Ընկերությունը կենտրոնացած էր 17 նահանգների վրա և առանձնացրել էր մարդկանց 32 տիպ: Ընդհանուր առմամբ, Թրամփի ընկերությունը Cambridge Analytica-ի վրա ծախսել է 15 մլն դոլար:
Ի՞նչ եղավ Կոսինսկիի հետ
Գիտնականը հետևում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում: Նա շարունակում է կատարել նորանոր փորձեր և խոստանում է շուտով հրապարակել արդյունքները:
Իր հայտնագործության համար Կոսինսկին ստանում է հազարավոր բողոքներ, սակայն նշում է, որ ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինը փոքր է:
Կոսինսկին նշում է, որ չի կարգավորել ռումբը, այլ պարզապես ցույց է տվել, որ այն գոյություն ունի:
Սիրարփի Աղաբաբյան