«Բոլորը գիտեն՝ որտեղ է թալանը, այդ խախտումները». Հեղինե Բիշարյան
«Նախագիծը մի քայլ առաջ է, բայց սողանցքները լիարժեքորեն փակ չեն»,- այսօր Ազգային ժողովում «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Նրա խոսքով՝ Վերահսկիչ պալատի զեկույցների հետ կառավարությունը պարտավոր է հաշվի նստելու. «Դա այն փաստաթուղթն է ներկայացնում, թե ինչպես են պետական համակարգերն օգտագործել մեր փողերը, մեկը լավ է օգտագործել, մեկը գողացել է, մեկը թալանել է, մեկը խախտում է արել։ Վերահսկիչ պալատի բոլոր դիտողությունների մեջ տարիներ շարունակ կարմիր գծի նման անցել են գնումները։ Նույնիսկ մինչև 2014 թվականն ամբողջ գնումների վերաբերյալ կա բացասական գնահատական»։
Հ. Բիշարյանի համար անհասկանալի է, թե ինչու է ստեղծվելու մի կառույց, որտեղ պետք է 3-4 հոգի բարձր աշխատավարձով աշխատեն և փորձեն գնումների բողոքարկման ընթացքը վերահսկել կամ պարզաբանել, քանի որ, ըստ նրա, բոլորը գիտեն՝ որտեղ է թալանը, այդ խախտումները։
«Այս վերջերս, որ ես բանանից շատ խոսեցի, համացանցում մի հոդված տեսա՝ ինչ-որ արտասահմանցի խոսում է և ասում է, որ ընդհանուր շուկայական գներում բանանի արժեքը բավականին բարձր է, դրա համար էլ այդքան բարձր են գները։ Ես հասկացա, որ մեր հայրենակիցները գցել էին այդ հոդվածը, որ պարզաբանում լինի, որ գները չեն ընկնելու, հույսներդ կտրեք»,- հայտարարեց Հ. Բիշարյանը։