«Հիմա ենք վավերացնում այս համաձայնագիրը, որովհետև հաշվի ենք առնում այն զարգացումները, որոնք առաջիկայում կարող են տարածաշրջանում տեղի ունենալ»
«ԱՊՀ պետությունների միջև կնքված համաձայնագրի նպատակն է՝ ապահովել համաձայնագրին միացած ԱՊՀ անդամ 7 պետությունների՝ համապատասխան հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար համապատասխան տեխնիկայի և դրանց կիրառման հետ կապված խնդիրները: Այս համաձայնագրով ՀՀ-ն ստանձնում է 13 պարտավորություն»,- այսօր ԱԺ-ում ԱՊՀ անդամ երկրների համաձայնագրի ներկայացման ժամանակ մանրամասնեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ չմանրամասնելով, թե որոնք են այդ պարտավորությունները:
Նրա խոսքով՝ պայմանագրի հիմնական նպատակն է՝ պատրաստվածության մակարդակի բերել պետություններին՝ տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններին դիմակայելու համար. «Եթե ահաբեկչական դրսևորումներն ունեն տարածաշրջանային կամ ավելի լայն դրսևորումներ, բնականաբար, համագործակցության անհրաժեշտության պարագայում ունենալ արդեն իսկ գործող իրավական-քաղաքական բազա, և չի բացառվում, որ այս համաձայնագրին հղում անելով՝ ելնելով իրավիճակից, տալով համապատասխան գնահատական, լինեն արդեն երկկողմ նշանակություն ունեցող տարբեր պայմանագրեր, որոնք տվյալ իրավիճակին համապատասխան կապահովեն նաև դրան համարժեք գործողությունների իրականացումը: Հանձնաժողովն առաջարկում է վավերացնել այս համաձայնագիրը»:
Պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե այդ անհրաժեշտությունը կա, ինչո՞ւ ենք այդքան ուշ վավերացնում այդ համաձայնագիրը: Հարցին ի պատասխան՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրին Հայաստանը միացել է 2012թ., երբ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները և կառույցների պատասխանատուներն իրենց ձևաչափով քննարկումների արդյունքում եկել են համաձայնության. «Հիմա ենք վավերացնում, որովհետև հաշվի ենք առնում այն զարգացումները, որոնք առաջիկայում կարող են տարածաշրջանում տեղի ունենալ»: