Տիգրան Սարգսյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, տեղեկացնում ՏԱՍՍ-ը:

«Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, եւ դրանք բոլորն էլ շատ լուրջ ներուժ են բովանդակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար»,- ասել է նա՝ խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»:

Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում Է Եվրասիական տնտեսական միության եւ այդ միավորման մասնակիցների միջեւ ինտեգրացման խորացման նկատմամբ:

Պուտինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը պլանավորվում է դեկտեմբերի 26-ին հաստատել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: «Մենք Ձեզ դեկտեմբերի 26-ին սպասում ենք Սանկտ Պետերբուրգում (Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում): Հաստատվելու է նոր Մաքսային օրենսգիրքը, որը, ըստ իս, նույնպես կարեւոր ուղենիշ է մեր միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին»,- ասել է Պուտինը՝ դիմելով Սարգսյանին:

ՌԴ նախագահը հետաքրքրական եւ հեռանկարային Է որակել այն առաջարկները, որոնք իր աշխատանքում առաջադրում է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Պուտինի խոսքով՝ արդեն այժմ առկա պայմանավորվածությունները միայն բազա են ապրանքների, կապիտալների ու մարդկանց ազատ շարժի, ինչպես նաեւ միության բոլոր երկրների մրցունակության բարձրացման համար:

ԵԱՏՄ-ի կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի կոլեգիան գլխավորել է ընթացիկ տարվա փետրվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Խրիստենկոյին:

Տեսանյութեր

Լրահոս