
Ինչ է անելու նորաստեղծ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը

Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ հիմնադրամի գործունեության ուղղություններն են` պատրաստել օրենսդրական ակտերի նախագծեր, առաջարկներ, կարծիքներ, ստեղծել ձեռնարկատիրական և տնտեսական գործունեություն ծավալող մարմիններ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակներին ծառայելու համար, hամագործակցել տարբեր կառավարական մարմինների հետ, մշակել թիրախային լուծումներ թիրախային խմբերի համար, մշտադիտարկել և ուղղորդել գործընթացները, ստեղծել հաղորդակցության միջոցներ ծրագրի իրականացման համար։
Նախարարը ներկայացրեց նաև «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին նախագիծը և նշեց. «Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի հարմարավետ և գրավիչ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումների հոսքերի համար»։