«Ներողություն, հարգելի խորհրդարան». Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանում անդրադարձավ երեկվա միջադեպին
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ կողմ՝ 87, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 18 ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկությունից առաջ Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ այսօր տեղի ունեցավ Տարածքային կառավարման և ինքնակառավարման հանձնաժողովի նիստը, հանձնաժողովը որոշել է խորհրդարանական լսումներ կազմակերպել այս երկուշաբթի՝ այս և «տեղական ինքնակառավարման» մասին օրենքի նախագիծը քննարկելու համար։
Պատգամվոր Ռուբիկ Հակոբյանն էլ անդրադարձավ երեկ խորհրդարանում իր և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ, լրագրողի պնդմամբ, պատգամավորը հարվածել է իրեն.
«Հարգելի խորհրդարան, երեկ իմ մասնակցությամբ շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովում, ցավ եմ ապրում, որ այդ կապակցությամբ որոշ կայք-էջեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին՝ այդ՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ այդ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել։ Ներողություն, հարգելի խորհրդարան, որ այդ միջադեպի պատճառով ոչ դրական գնահատականներ են հնչել խորհրդարանի անվան հասցեին»։
ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ բողոքեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ԲՀԿ խմբակցության ելույթները չի ցուցադրում։
«Ոչ մեկն օրենքից չխոսեց, ես խնդրում եմ՝ ինձ էլ խառնեք ձեր հետ։ Դուք միշտ մտածեք, որ Ազգային ժողովը որևէ հեռուստատեսության չի վճարում, անընդհատ մտածում եք՝ ինչ-որ գումար ենք տալիս հեռուստատեսությանը, և պետք է մեզ ցույց տան, եթե նման խնդիր կա, երբ լսումներ են լինում այստեղ, քննարկումների ժամանակ ասեք»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։